Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարենալ քունը տանելու։ Անշուշտ մեծ հավատք ու հիացում մը չուներ իր ամուսնույն առաքինության վրա, բայց չէր կարծեր, թե այդ աստիճան վատություններ գործելու կարող էր և այս հայտնությունը զինքը խորապես կհուզեր։

Կնայեր քնացող մանուկին և նմանություններ կերևակայեր գտնել անոր ու Ղուկաս էֆենտիի դիմագծերուն միջև, առանց մտքեն անցնելու, որ նորածինը անծանոթ հույնի մը որդի էր։

Երբ լույսը տիրեց, Ղուկաս էֆենտիի հրամանին համեմատ, ծառան եկավ տղան առնել եկեղեցի տանելու համար։

Բայց տիկին Թագուհի զինքը ճամփեց։

− Դեռ կանուխ է, թող էֆենտին ելլե, անկե ետքը կտանիս,– ըսավ ծառային։

Երբ Ղուկաս էֆենտի անկողնեն ելավ, առաջին գործը եղավ կինը իր սենյակը կանչել տալ։

− Տղան եկեղեցի ղրկել տվի՞ր,− հարցուց առանց ուրիշ ոևէ նախաբանի։

− Չէ, հոս է,− պատասխանեց տիկին Թագուհի։

− Հո՞ս է մի, աս ժամուս դեռ հոս վա՞ր եք դրեր,− գոչեց վաճառականը ձայնը բարձրացնելով,− ես ձեզի չըսի՞, որ լուսնալուն պես ղրկեք…

− Տղան վզեն կախված նամակ մը կար,− շարունակեց տիկին Թագուհի ամենայն հանդարտությամբ,− այդ նամակը երբոր կարդացի, հարմար տեսա, որ դուն ալ կարդաս ու անկե ետքը որոշես, թե ի՞նչ պիտի ընես այդ տղան։

− Ի՞նչ նամակ, նորեն ի՞նչ նոր խնդիր կբանան գլխուս,− պոռաց կրկին Ղուկաս էֆենտի բարկությամբ,− տուր նայիմ շուտով, ի՞նչ է այդ նամակ ըսածդ։

− Ահավասիկ,− պատասխանեց կինը, մանկիկին քով գտած թուղթը իր ամուսնույն հանձնելով։

Վաճառականը ուժգին շարժումով մը նամակը առավ, պատուհանին մոտեցավ և սկսավ կարդալ։ Տիկին Թագուհի ուշի ուշով կդիտեր իր էրիկը և կջանար անոր դեմքին վրայեն գուշակել այդ ընթերցումին առաջ բերած տպավորությունը։

Ղուկաս էֆենտիի ճակատը մթագնեցավ, գույնը թեթևապես նետեց, հոնքերը պռստեց և ներքին հուզում մը նկատվեցավ կերպարանքին վրա, սակայն շուտով ինքզինքը զսպեց ու նամակը մեկ կողմ նետելով՝ գոչեց.