Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլխիկոր ուղղվեցավ դեպի թռամվայի ճամփան։

Ինչ հույսերով եկած էր այդ տունը և ինչ սրտաբեկ կվերադառնար հոնկե։ Ոսկեզօծ երազը, զոր պահ մը ունեցեր էր Էլպիս հանըմի փոքրիկ խուցին մեջ՝ հանկարծ կցնդեր, գործը չէր կրցած հաջողցնել և լիաբուռն ոսկիները, զոր կկարծեր ձեռք ձգել, խույս տված էին իրմե։ Ասկե զատ, խնդիրը Ղուկաս էֆենտիին փափաքածին պես կարգադրելով՝ Տ. Կիրակոս ոչ թե միայն կհուսար նյութական կարևոր նվեր մը ստանալ, այլ միանգամայն մեծ էֆենտիի մը աչքը մտնել, անոր կերպով մը գաղտնեկիցը ըլլալ, ինչ որ ապագային համար իրեն կրնար նորանոր բարիքներ ընձեռել։

− Եթե Ղուկաս էֆենտիի պես պաշտպան մը ունենայի ետևես, ա՛լ ի՞նչ բանե պիտի վախնայի,− կմտածեր հիմա տխրորեն։

Ինք, խեղճ ողորմելի քահանա մը, միշտ կկեղեքվեր, կհարստահարվեր մյուս քահանաներեն, որոնք մեյ մեկ հզոր պաշտպաններ ունեին ու հարուստ ննջեցյալներե, կնունքներե և հարսանիքներե եկած դրամները առատորեն կերթային ավագերեցին և ուրիշ քահանաներու գրպանները, հազիվ թե կտոր մը փշրանք իրեն բաժին մնալով։ Ու հիմա որ փոխարինության ժամը վերջապես հնչած կենթադրեր, ահա նորեն կիյնար անպաշտպան ու արհամարհված քահանայի իր խեղճության մեջ։

− Իրիկունը ի՞նչ երեսով պիտի ներկայանամե էֆենտիին,− կխորհեր ինքնիրեն Թաքսիմի զորանոցն ի վար քալելով, որովհետև չէր ուզած նույնիսկ հանրակառք նստիլ իր կրած ձախողանքեն ետք։

Եվ սակայն իրիկունը ճամփա ելավ դեպի էֆենտիին տունը։ Խոստացած էր երթալ իր բանակցությանց արդյունքը հաղորդելու և կվախնար, որ երեսը ծածկելով իր վրա կհրավիրեր վաճառականին բարկությունը։

− Էֆենտին հոս է,− ըսավ ծառան քահանային, դուռը բանալով։

Եվ մինչ Տ. Կիրակոս կհառաջանար դեպի սանդուխ, ծաոան գոչեց ետևեն.

− Տե՛ր պապա, խսիրը չե՞՛ս տեսնար կոր, ոտքերդ չսրբե՞ս, ատ ոտքերո՞վ վեր պիտի ելլաս։

Տ․ Կիրակոս ետ դարձավ, խոնարհ և ամչկոտ, ու ծառային հրամանը կատարեց։ Հետո վեր ելավ գորգապատ սանդուխեն, զգուշավոր կերպով կոխելով աստիճաններուն վրա, ավելի պատկառոտ՝