− Ատ մորեղբայրը ո՞ւրկե բուսավ, ատոնք տուներնին էրիկմարդ չունեին, քեզի խաղ մը ըրած չըլլան տե՝ դուն ալ շաշխընի պես հավատաս։
− Իրավ որ, էֆենտիս, ես տեղեկության չունիմ, ինք ըսավ որ Շուշանիկի մորեղբայրն եմ, ես ալ հավատացի, ալ իրավցնե՞ մորեղբայրն է, սո՞ւտ խոսեցավ, չեմ գիտեր։
− Էյ, ի՞նչ ըսավ այղ մորեղբայր օլաճախը, սանկ խոսքերը աղեկ մը միտքդ բեր տեսնիմ։
− Էֆենտիս, երբ մինչև 150 ոսկիի կապել ուզեցի խնդիրը, «պարապ, հոգնություն հանձն մի առներ, ըսավ այդ երիտասարդը, մենք մեր գիտցածը կընենք, թող Ղուկաս էֆենտին ալ իր գիտցածը ընե»։ Հետո, երբ ես նորեն համոզել փորձեցի, ավելցուց, «թող Ղուկաս էֆենտին չկարծե, որ խեղճ, անօգնական աղջկան մը հետ է գործը, այլ ամեն բան աչքը առած մարդոց հետ, ահա ասանկ բարև ըրե անոր»։ Ահավասիկ, էֆենտիս, իր ըսած խոսքերը, գրեթե բառ առ բառ։ Երբ տեսա, որ համոզվելու միտք չունին, ես ալ մնաք բարով ըսի ու առի քալեցի։
Ղուկաս էֆենտի մտիկ ընելով հանդերձ Տ. Կիրակոսի բացատրությունները, կշարունակեր սենյակին մեջ վեր վար պտտիլ, ինչպես կըներ միշտ, երբ մտատանջության մը մատնված ըլլար։ Վերջապես որոշում մը տվավ։
− Ինծի նայե, տեր պապա,− ըսավ,− դուն նորեն վաղը առտու կանուխ այդ կնիկներուն տունը կերթաս, մորեղբայր ըսածդ կտեսնաս և իրեն կըսես, որ գա իմ գրասենյակս հանդիպի։ Մեյ մը ես հետը տեսնվիմ, նայիմ միտքը ի՞նչ է։
− Շատ աղեկ, էֆենտիս,− պատասխանեց քահանան։
Հետո, տեսնելով որ գործը վերջնականապես ձեռքեն կփախչի, վերջին փորձ մը ընել ուզեց։
− Եթե կբարեհաճիք և եթե անպատեհություն մը չեք տեսնար,− ավելցուց,− ձեր կողմեն նոր բանակցություն մը ընեմ, գուցե կհաջողիմ զիրենք համոզել, եթե հավանիր ձեր ըսած գումարեն քիչ մը ավելի բան վճարելու, օրինակի համար սանկ երկու հարյուր ոսկի մը…
− Չէ՛, չէ՛,− ընդմիջեց էֆենտին սրտնեղ ձևով մը,− հասկցա որ քու ընելիք գործդ չէ ասիկա։ Փոխանակ խնդիրը կարգադրելու, կելլաս ավելի կխանգարես, դուն միմիայն գնա ատ երիտասարդը գտիր և ըսե, որ անպատճառ գա զիս գտնա, բայց ոչ թե տունս,