Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ինծի նայե, կարգադրելիք խնդիր չի կա մեջտեղը,− ըսավ Ղուկաս էֆենտի կտրուկ շեշտով մը,− բարեգործություն մը ընել ուզեցի և գլխուս պելա կբանաք կոր. ես ի՞նչ պետք ունիմ մեկուն մեկալին փիճը նայելու… եթե քիչ մը դրամ տալ ուզեցի նե՝ ան ալ պարզապես խղճիս դիպավ, անոր համար էր. արդեն եթե ինծի մնար, գուցե չէի ըներ, բայց կինս շատ պնդեց, ես ալ չդիմացա, ահա եղելությունը, ուստի կաղաչեմ, խոսքը կարճ կապենք, հոս գործի տեղ է, և ամեն մարդ զբաղում ունի, դուն ալ, քանի որ կսես թե գործի տեր ես, ել գործիդ գնա ու ա՛լ չխոսինք ասոր վրա։

– Նախ ըսեմ, որ ես ինքնաբերաբար չեկա, այլ դուք տերտերը ղրկեցիք ու խնդրեցիք, որ գամ։ Հետո, Ղուկաս էֆենտի, լավ մտիկ ըրեք, մենք թեթևորեն ճամփա չենք ելած և ըրածնիս գիտենք։ Դուք որչափ ալ ուրանաք թե այդ զավակը ձերը չէ, մենք կրնանք այդ մասին վկաներ հանել ձեր դեմը, նախ՝ կա աղջկան վկայությունը, հետո Միքայել աղան, զոր խոստովանցուցած և իր խոստովանանքն ալ քանի մը անձերու ներկայության ստորագրել տված ենք. հետո կա նաև Վառվառին վկայությունը, որուն տունը կատարած եք ձեր բռնաբարումը, ասկե զատ նույնիսկ փնտռեցինք գտանք այն կառապանը, որ ձեզի մինչև Պոն Մառշեի քով առաջնորդած է այդ երեքշաբթի օրը. կտեսնաք, որ ամեն բան տեղն ի տեղոք գիտեմ կոր, և պետք եղած ատենն ալ կրնամ ապացուցանել, որովհետև բոլոր վկաները ձեռքիս մեջն են…

Սերգիս լռեց։ Վաճառականը այս անակնկալ հայտնություններեն շփոթած էր։ Հայտնի կերևար, որ երիտասարդը չէր ստեր, քանի որ իր ամեն ըսածները բացարձակ ճշմարտություններ էին և այդ պարագային վաճառականին դիրքը շատ կխախտեր, ուստի խոհեմություն համարեց լեզուն փոխել։

− Աղեկ,− ըսավ,− ենթադրենք որ հաջողած եք ինծի դեմ այդպես սուտ ու սխալ վկաներ ճարել և ես ալ իբրև ընտանիքի տեր, պատվավոր մարդ, չուզելով գայթակղության տեղի տալ, ձեզի հետ պիտի համաձայնիմ։ Ի՞նչ է ձեր պահանջումը…

− Տ. Կիրակոսը արդեն ձեզի իմացուցած ըլլալու է Էլպիս հանըմի և օր. Շուշանիկի ըսածները,− պատասխանեց երիտասարդը։

− Ի՞նչ, հինգ հարյուր ոսկի՞ կուզեք որ տամ, ո՞ւր տեսնված է ատանկ բան, զարմանալի բան…

− Կարծեմ թե, խեղճերուն պահանջումը չափազանց չէ, պետք