Եվ Սերգիս ոտքի ելավ։
− Չորս հարյուր ոսկի,− գոչեց վաճառականը։
− Հինգ հարյուր,− ըսավ մյուսը անդրդվելի կերպով, միշտ մեկնելու դիրքին մեջ։
− Վաղը աղջիկը առ հոս եկուր,− պատասխանեք Ղուկաս էֆենտի։
− Շատ աղեկ,− ըսավ Սերգիս,− արդեն վստահ էի, որ ի վերջո պիտի համոզվեիք։
Հետևյալ առտու երիտասարդը վերադարձավ գրասենյակ, Շուշանիկի ընկերակցությամբ։
Բռնաբարման օրեն ի վեր Ղուկաս էֆենտի չէր տեսած իր զոհը և պահ մը հիացումով դիտեց մանկամարդ աղջիկը, որ ավելի թարմ ու գեղեցիկ կթվեր իրեն։ Սակայն Շուշանիկ շատ պաղ ու չոր վերաբերում մը ցույց տվավ իրեն հանդեպ։ Հազիվ գլխու շարժումով մը բարևած էր վաճառականը և նստած էր աթոռի մը վրա, առանց խոսք մը արտասանելու։
− Հիմա,− ըսավ Ղուկաս էֆենտի, խոսքը Սերգիսի ուղղելով,− օրիորդը ինծի թուղթ մը կստորագրե, հայտարարելով, որ ինք ոևէ հարաբերություն մը չէ ունեցած ինծի հետ և թե զավակը ուրիշ անձե մը ունեցած է և ես ալ իրեն հինգ հարյուր ոսկին կհանձնեմ։
Երիտասարդն արդեն գուշակած էր վաճառականին կողմե ըլլալիք առաջարկը, մանավանդ որ նույն պահանջը ըրած էր Տ. Կիրակոս իր այցելության միջոցին, ուստի անմիջապես պատասխանեց.
− Թեև այդպիսի հայտարարություն բացարձակ ստություն մըն է, այսուհանդերձ խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար օրիորդը հանձն կառնե ստորագրել։
− Ուրեմն թուղթ պատրաստենք,− ըսավ Ղուկաս էֆենտի, որ ժամ առաջ կուզեր օձիքը ազատել։
Թուղթը շուտով պատրաստվեցավ և ստորագրվեցավ, և Ղուկաս էֆենտի համրեց հինգ հարյուր ոսկին։
− Այս դրամը,− ըսավ, այս անգամ խոսքը Շուշանիկի ուղղելով,− կհուսամ որ այլևս քու զավակիդ ապագան կապահովե և քեզի ալ միջոց կուտա պատվավոր կերպով ապրելու։
Աղջիկը չպատասխանեց, բայց ատելությամբ լի ակնարկ մը ուղղեց վաճառականին։