մեր գործառնությանց մասին, սակայն կտեսնենք, որ դուք այսօրվնե իսկ կարող եք մեզի օգտակար ըլլալ Պեյրութի մեջ, ուստի որոշեցինք, որ տասնըհինգ օրեն ձեզի հոն ղրկենք իբրև մեր տան ներկայացուցիչը. ուստի ձեր պատրաստությունները տեսեք։
− Շատ աղեկ,− պատասխանեց Գարեգին, դուրս ելլելով։
Տնօրենին որոշումը թե զինք ուրախացուցած և թե միանգամայն արամեցուցած էր։ Ուրախ էր, մտածելով որ իր մեծերը գոհ են իրմե և քիչ ժամանակի մեջ զինքը կառաջացնեին գործին մեջ, սակայն Պոլսեն մեկնումը և երթալը օտար ու անծանոթ քաղաքի մը մեջ հաստատվիլը դժվարին կուգար իրեն։
Իրիկունը երբ պաշտոնատեղին մեկնեցավ Սերգիսի հետ, երիտասարդը իր բարեկամին հաղորդեց տնօրենի ըսածները։
− Ուրեմն աչքդ լույս,− գոչեց Սերգիս,− քանի մը տարի կմնաս հոն ու անկե ետքը բոլորովին կհաստատվիս այս ընկերության մեջ։
− Այո, բայց այդ անծանոթ քաղաքի մեջ առանձին քիչ մը դժվար պիտի ըլլար ապրիլը։
− Իրավ է որ պիտի նեղվիս, բայց հոգ չէ, կվարժվիս, տես՝ ես ինչպես վարժվեցա, մանավանդ որ Պեյրութ գեղեցիկ քաղաք մըն է և օդն ալ շատ առողջ։
Երկու բարեկամները խոսակցելով մտան գարեջրատուն մը։
Սերգիս տեղեկություններ ավավ Պեյրութի վրա և այնտեղի կյանքը նկարագրեց։
− Եթե ամուսնացած ըլլայիր, շատ հաճելի կերպով կրնայիր ապրիլ, բայց ամուրիի մը համար բնականաբար քիչ մը նեղացուցիչ է,– եզրակացուց։
Հետո հանկարծ գոչեց։
− Եթե ես քու տեղդ ըլլամ, տասնհինգ օրվան մեջ կամուսնանամ ու կնոջս հետ կմեկնիմ… շատ իմաստուն գործ մը ըրած կըլլաս։
− Ամուսնանալ, բայց որո՞ւ հետ։
− Սաթենիկին հետ,− պատասխանեց Սերգիս։
Գարեգին բարեկամին երեսը նայեցավ ու կարմրեցավ։
− Ի՞նչ խենթ խոսքեր կընես,− մռմռաց քթին տակեն։
− Խե՞նթ մի, ընդհակառակը, շատ խելացի խոսք է և կարծեմ դուն ալ չպիտի մերժես, եթե մեկը այդ մասին բարեկամաբար միջնորդե, և այդ միջնորդությունը ընելու ես պատրաստ եմ։