Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գարեգին իր բարեկամին խոսքերեն հայտնապես հուզված էր։ Այդ ամուսնական խորհուրդը ու հանկարծական առաջարկությունը զինքը վեր ի վար շրջած էր․․․

Ֆերիգյուղի ծանոթ գայթակղութենեն ի վեր Գարեգին այլևս Սաթենիկի հետ չէր բնակեր։ Խեղճ կինը իր փոքրիկ աղջկան հետ այրի կնոջ մը տունը տեղավորված էր, սենյակին մը մեջ, որուն վարձքը Գարեգին ու Սերգիս կես առ կես կվճարեին։ Գարեգին երբեմն կերթար այցելել իրեն և կրցած ձեռնտվությունը կշարունակեին ընել անոր։

Սաթենիկի բաժնվելեն ի վեր Գարեգին հույն ընտանիքի մը տունը սենյակ վարձած էր, սակայն այդ բաժանումը շատ ծանր եկած էր իրեն և ան ատեն հասկցած էր, թե այրի կնոջ մասին տածած զգացումը զուտ բարեկամական չէր, այլ սիրտն ալ իր բաժինն ուներ։ Սակայն ասիկա, որ իրեն համար գրեթե հայտնություն մը եղած էր, ջանացած էր ծածկել իր ներսիդին։

Երբեք այդ մասին ակնարկություն մը անգամ չէր ըրած իր մտերիմին և ասոր համար հանկարծ շփոթեցավ, երբ որ Սերգիս Սաթենիկի հետ ամուսնության խոսքը նետեց մեջտեղ։

Երիտասարդը թեթևորեն չէր, որ այդ առաջարկը ըրած էր։ Հակառակ Գարեգինի գաղտնապահության, կռահած էր իր բարեկամին հոգեկան վիճակը և հարմար առիթի մը կսպասեր՝ խոսք բանալու համար։ Եվ ահա այս ճամփորդությունը վրա գալով, ուզած էր օգտվիլ այդ պարագայեն՝ ուժ տալու համար խորհուրդի մը, որուն իրագործումը, համոզված էր, թե երջանկաբեր պիտի ըլլար, թե Գարեգինի և թե մանկամարդ այրիին համար։

− Այսպես ուրեմն,− շարունակեց իր խոսքը,− անմիջապես այդ խնդիրը կկարգադրենք, պարզ պսակ մր կընենք, առանց ավելորդ ծախքերու, հետո շոգենավ նստելնուդ պես կելլեք կերթաք և այն ատեն կրնաս վստահ ըլլալ, որ երջանիկ կյանք մը պիտի կրնաս անցնել Պեյրութի մեջ։

Գարեգին չպատասխանեց, իր առջև գտնված գարեջուրի գավաթը պարպեց, պահ մը մտախոհ մնաց և հետո հարցուց.

− Լրջորե՞ն կխոսիս, թե կատակ կընես կոր։

− Ի՞նչպես կրնաս ենթադրել, որ թեթևորեն խոսիմ տիկին Սաթենիկի պես կնոջ մը մասին, ինչ որ կըսեմ՝ կատարելապես լուրջ է և վստահ եմ, որ այս առաջարկս ալ քեզի ներքնապես գոհունակություն կպատճառե։