Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Լավ, քեզի լիազոր իշխանություն կուտամ երթալ տիկին Սաթենիկը տեսնել և հարկ եղածը խոսիլ։

- Վաղն առտու իսկ անոր տունն եմ,− հայտարարեց Սերգիս։

Հետո, վախնալով որ գուցե Գարեգին մինակ մնալով միտքը կփոխե, ստիպեց ու զայն միասին տուն տարավ։

Շուշանիկի հետ ամուսնանալեն ի վեր Սերգիս Բերայի մեջ փոքրիկ տուն մը վարձած ու կահավորած էր, ուր երջանիկ կյանք մը կվարեր իր մանկամարդ կնոջ հետ, որուն նորածին զավակն ալ որդեգրած էր։ Հինգ հարյուր ոսկին, զոր առած էր Ղուկաս էֆենտիեն, ամբողջովին եվրոպական դրամատուն մը դրած էր մանուկին անունին, որպեսզի իր չափահասությանը իրեն տրվի, տոկոսովը միասին։ Գարեգին հաճախ կերթար իրենց տունը, ուր իբրև ամենամտերիմ բարեկամ կընդունվեր։

Այդ իրիկունը մանավանդ Շուշանիկ շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ, երբ իր ամուսինեն լսեց Գարեգինի տված որոշումը։ Սաթենիկի պատմությունը լսած էր ինք, նույնիսկ մեկ քանի անգամ ալ այցելություն տված էր այրի կնոջ, որուն ձեռագործ աշխատություններ կհայթայթեր իր նախկին հաճախորդներուն հանձնարարելով զայն։

Ինքնաբերաբար ուզեց, որ ինքն ալ ընկերանա Սերգիսի, երթալ տիկին Սաթենիկի ձեռքը ուզելու Գարեգինին համար։

− Այս տեսակ դիմում մը էրիկ մարդ մը առանձին չի՛ կրնար ընել, երբոր ամուսնացած է,− դիտել տվավ։

Գարեգին շնորհակալությամբ ընդունեց իրեն ընծայված այս ծառայությունը։

Երիտասարդը կեսգիշերին մոտ մեկնեցավ իր բարեկամին տունեն, հետևյալ օրվան ժամադիր ըլլալով։

Ինչպես արդեն գրեթե վստահ էր Սերգիս, տիկին Սաթենիկ առանց դժվարության ընդունեց իրեն եղած առաջարկը։ Երեք շաբաթվան մեջ ամուսնական բոլոր պատրաստությունները տեսնվեցան և հինգշաբթի առտու մը Գարեգին Երրորդության եկեղեցիին մեջ պսակվեցավ այրի տիկին Սաթենիկ Ամասյանի հետ և նույն երեկոյին Մեսաժեռի շոգենավով մեկնեցավ Պեյրութ, հետը տանելով նաև Սաթենիկի փոքրիկ աղջկան՝ Սիրվարդ, որ բոլորովին ապաքինված՝ գունագեղ աղվոր աղջիկ մըն էր հիմակ։

Գարեգին պարտք համարած էր իր ամուսնության առթիվ հրավիրագիր ղրկելու նաև իր նախկին վարպետին՝ Քերովբե էֆենտիի