Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անձամբ ալ ներկայանալով՝ իր նոր պաշտոնը ծանուցած և միանգամայն տեղեկություններ տված էր Սաթենիկի մասին, խնդրելով, որ անպատճառ պսակին ներկա գտնվի:

Քերովբե էֆենտի գոհունակությամբ ընդունած էր իր նախկին պաշտոնյային հրավերը, նույնիսկ հարսանիքի օրը ծանրագին մատանի մը նվիրած էր հարսին, ուզելով այսպես ամոքել այն խղճի խայթը, զոր տակավին կզգար, Ղուկաս էֆենտիի դրդումովը հավատարիմ պաշտոնյա մը ճամփու դնելուն համար։

Նույն իրիկունն իսկ հանդիպեցավ վաճառականին՝ Թոքաթլյանի սրճարանը և գնաց պահ մը քովը նստելու, անոր հրավերին վրա։

Ղուկաս էֆենտի զվարթ տրամադրության մեջ էր։

− Եկուր, Քերովբե էֆենտի, քեզի հետ այս իրիկուն մեյ մեկ օղի խմենք,− ըսավ, քովի պարապ աթոռը ցուց տալով։

− Ամենայն հաճույքով։

− Այս ցերեկ քեզ տեսնել ուզեցի, մարդ ղրկեցի գրասենյակ, լուր բերին՝ որ զործի չես իջեր․․․

− Այո, էֆենտիս, այսօր հարսանիք մը ունեինք։

− Ի՞նչ հարսանիք։

− Էֆենտիս, մեր նախկին պաշտոնյաներեն երիտասարդ մը, սա կհիշեք՝ ուր է մեկը կար քովս և ձեր պատվերին վրա ճամփեցի․․․ Գարեգինը։

− Էյ, հա, միտքս ինկավ, սա Ֆերիգեղ գեշ կնիկ մը առած նստած էր, սա սրիկան…

− Կներեք, Ղուկաս էֆենտի, բայց ես այդ տղուն վրա մինչև հիմա սրիկայություն մը չեմ տեսած։

− Ինչ որ է, հիմա ատիկա խնդիր չէ, ի՞նչ է եղեր այդ էտեպսիզը։

− Քանի մը օր առաջ եկավ զիս գտավ, անգլիական հաստատության մը մեջ կարևոր պաշտոն մը առեր է, Պեյրութ պիտի երթա հաստատվի եղեր քանի մը տարի։

− Երթա բարով։

− Միայն թե երթալեն առաջ ուզեր է ամուսնանալ…

− Ատանկ անբարոյական մարդուն ո՞վ աղջիկ կուտա։

− Վերջապես չերկնցնեմ, զիս անպատճառ հարսանիքի հրավիրեց, չկրցա մերժել, մանավանդ որ չորս տարի ալ քովս աշխատած և միշտ գոհ էր թողուցած զիս․․․ պսակը ցերեկը կատարվեցավ