Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երրորդության եկեղեցին, կեսօրեն ետքն ալ շոգենավ գացին ու մեկնեցան։

− Որո՞ւն աղջիկն է առածը,− հարցուց Ղուկաս էֆենտի անտարբեր ձևով մը։

− Որբևայրի մըն է, շատ շնորհքով երիտասարդուհի մը կերևա կոր, Սաթենիկ Ամասյան է եղեր անունը, յոթը տարեկան ալ հրեշտակի պես աղջիկ մը ունի։

− Հասկցա, հասկցա,− գոչեց Ղուկաս էֆենտի ուժգնորեն,− բայց ամուսնանալու ի՞նչ պետք ուներ, քանի որ առած նստած էր այդ բոզը…

Քերովբե էֆենտի հայտնապես նեղացավ իր խոսակցին այս նախատալից խոսքերեն և զղջաց այդ ամուսնության խոսքը բացած ըլլալուն համար ու ալ խոսքը առաջ չտարավ։

Ղուկաս էֆենտի եզրակացնելու համար ըսավ.

− Ինչ որ է, իրար աղեկ գտեր են, թենճիրե յուվարլանմբըշ քափաղընը պուլմուշ։

Եվ սակայն այս ամուսնությունը կտրտմեցներ զինքը, իրեն դեմ ցույց մը կնկատեր զայն և այդ միության պատճառավ ինքզինք կերպով մը պարտված կնկատեր։

Ինչպե՞ս կարելի է որ իր հալածած անձերը կարենային հաջողիլ ու ապրիլ, միթե ասիկա պզտիկություն մը չէ՞ր իրեն համար։

− Այսպես ուրեմն, այդ տեսակ բարի ծաղիկները կհովանավորես ու կպաշտպանես, Քերովբե էֆենտի,− ըսավ իր բարեկամին դառնալով։

Խեղճ Քերովբե էֆենտի պարտավորվեցավ իր «հանցանքը» թեթևցնելու համար մեղմացուցիչ պարագաներ փնտռել չբորբոքելու համար վաճառականին բարկությունը, որուն միշտ տալիքվոր էր։ Բայց, ինչպես ըսինք, նույն օրը Ղուկաս էֆենտի զվարթ տրամադրության մեջ էր, հետևաբար ներողամիտ գտնվեցավ և իր կծու ակնարկությունները դադարեցնելով, սկսավ ուրիշ նյութերու վրա խոսիլ։

Առջի օրվընե ի վեր ամուրիի կյանք մը սկսած էր ապրիլ։ Տիկ. Թագուհի մեկնած էր Փարիզ իր աղջկան՝ Ռոզիկի քով, որ իր հղիությունը հայտնելով խնդրած էր մորմեն երթալ իր մոտ անցնել վերջին մի քանի ամիսները։ Իսկ փոքր աղջիկն ու մանչը՝ մին Հոմ Սքուլ, մյուսն ալ Ռոպերթ Քոլեճ կգտնվեին։ Այս առանձնությունն էր ահա, որ զինքը կզվարթացներ, քանզի որոշած էր օգուտ քաղել