Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ըսածներդ հաղորղեցի էրկանս, համոզվեցավ, պատրաստ է դուրս տեղ մը երթալու, միայն թե շատ հեռու չըլլա, օդը լավ ըլլա և ամսականն ալ ոչինչ բան մը չըլլա։

− Այդ որքա՞ն պահանջում,– գոչեց Ղուկաս էֆենտի խնդալով,– ամեն մարդուն իր կարողությանը չափ կվճարեն․․․

− Անանկ է, բայց վերջապես պետք է որ ապրվինք, մուրացկանի պես չենք կրնար ապրիլ, վերջապես էրիկս ալ քու քենակալդ է, մեր պատիվը ձեր պատիվը ըսել է․․․

− Այդ ճշմարիտ է,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, արդեն այդ պատիվը բարձր պահելու համար չէ՞, որ մինչև հիմա այնքան զոհողություններ ըրինք…

− Մենք ալ ատոր համար միշտ երախտապարտ ենք ձեզի։

− Ինչ որ է, հիմա այդ խնդիրները մեկ կողմ դնենք, ես երեկ շատ մը բարեկամներու դիմեցի, բերան ծռեցի, ասդին ինկա, անդին ինկա, վերջապես հաջողեցա մեկե մը խոստում մը առնել գործի մը մասին… բայց ամսականը շատ մեծ բան մը չէ, թեև էրկանդ պես մեկու մը համար նույնիսկ չափազանց է։

− Քանի՞ ոսկի է,− հարցոլց քենին հետաքրքիր աչքերով։

− Հիմակ ու հիմա տասը ոսկի։

− Տասը ոսկի՞ միայն,− գոչեց կինը հուսախաբ երևույթով մը,− բայց ինչպե՞ս կուզես որ ապրվինք այդ գումարով, մանավանդ որ ինք ուրիշ տեղ, մենք այստեղ պիտի ըլլանք և երկու ծախք պիտի ընե… եթե հոս գործ մը ըլլար, այդ ամսականով գոնե կրնայինք ապրվիլ։

− Հոս գործ չկա, ատկե հույսդ կտրե,− պատասխանեց Ղուկաս էֆենտի վճռաբար,− այս գործն ալ արդեն շատ դժվարավ գտա և ղրկողը միմիայն իմ խաթերս համար այդքան ամսական կվճարե կոր, եթե ոչ ընելիք գործը 4-5 ոսկի ամսականով բան մըն է…

Քենին չպատասխանեց այս խոսքերուն, տխուր երևույթ մը առավ, «օֆ» մը արձակեց սրտին խորեն և թաշկինակովը աչքերը սրբեց, որոնք սակայն թրջված չէին։

Վաճառականը ոտքի ելավ։ Մոտեցավ այն սև կաշվե բազմոցին, որուն վրա նստած էր կինը, ինքն ալ անոր քովը նստավ և ձեռքերը իր ձեռքերուն մեջ առնելով, ըսավ․

− Անուշիկս, ինչո՞ւ պարապ տեղը կտխրիս ու երեսդ կկախես… դուն նյութականին մասին բնավ հոգ ընելու պետք չունիս,