Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող էրիկդ մեյ մը ելլե գործի երթա, անկե ետքը եթե այդ ամսականը չի բավե, ես քեզի պետք եղածը կուտամ, այդ մասին ես ամեն բան կարգադրած եմ…

— Ո՞ր կողմն է գործը,— հարցուց կինը առանց վաճառականին խոսքերուն պատասխանելու։

— Հոս, մոտ տեղ մը, Սամսոն, մեկ օրվան ճամփա է, ծովեզերյա, օդը աղվոր, աղեկ քաղաք մը․․․ որչափ մարդիկ կան, որ հոգի կուտան գործ մը ձեռք ձգելու համար։

Քենին կրկին չպատասխանեց և պահ մը մտախոհ մնաց․ այժմ հայտնի կտեսներ իր քեռայրին ծրագիրը… ամուսինը հեռացնել, զինքը ձեռք ձգելու և քանի մը ամիս վայելելու համար, մինչև քրոջը՝ տիկին Թագուհիի վերադարձը։ Եվ այդ առժամյա հարճի դերը զինքը կընդվզեցուներ, թեև առաջին անգամ չէր, որ տեղի պիտի տար իր քեռայրին տռփական հետապնդումներուն։

— Քեզի Սարը Յար աղվոր տուն մը կբռնեմ, ամառըը հոն կանցնես, ես ալ շաբաթը քանի մը անգամ հյուր կըլլամ… թեև ամառը անցնելու վրա է, բայց վնաս չունի, մինչև հոկտեմբերի վերջը կրնանք նստիլ։

— Աս ըսածներդ կվայելե՞. մեջտեղ ելլա նե՝ ամեն մարդ ի՞նչ պիտի ըսե…

— Քա խենթ դուն ալ,— պատասխանեց Ղուկաս էֆենտի,— մինչև հիմա մեջտեղ ելա՞վ, որ ասկե ետքը ելլելուն կվախնաս կոր։

Հետո վերջ մը տալու համար կնոջ վարանումներուն, հանկարծ ըսավ.

— Հա, աղեկ միտքս ինկավ, այդ Սամսոնի գործը ստիպողական է, պետք է, որ էրիկդ այսօր վաղը գա, վաճառականին հետ համաձայնի ու անմիջապես մեկնի, որովհետև գործը երեսի վրա մնացած է եղեր, եթե չպիտի երթա, վաղը իմաց տալու եք, որ մարդուն քով պզտիկ չմնամ և իր ալ գործերը չվնասվեն։

Քենին լավ կզգար, որ բոլորովին Ղուկաս էֆենտիի ճանկին մեջն էր և թե հարկ էր համակերպիլ անոր քմահաճույքներուն։

— Շատ աղեկ,— պատասխանեց,— հիմա կերթամ զինքը կտեսնեմ և ըսածներդ կհաղորդեմ։

— Մանավանդ ջանա, որ զինքը համոզես, ասիկա պարզապես բախտ մըն է, որ դեմը ելավ, եթե մերժե, ալ ես չեմ կարծեր, որ այդպիսի գործ մը կրնանք նորեն գտնել։

— Պետք եղածը կխոսիմ իրեն։