Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Նախ ստիպվեցա խոսք տալ, որ էրիկը առնվազն երկու տարի իր պաշտոնին մեջ պիտի պահեմ, հետո ամսականին վրա երկու ոսկիի հավելում մը պիտի ընեմ… ի՞նչ կըսես ասոր։

− Եվ դուն ալ խոստացա՞ր…

− Կարելի՞ է մերժել… քանի որ առանց այս խոստումներուն չպիտի կրնայի իրեն մոտենալ,– շարունակեց Քերովբե էֆենտի խնդալով։

Հետո գարեջուրի գավաթը պարպելով, խոսքը առաջ տարավ։

− Այս ամենը աղեկ, միայն թե թռչունը ձեռքերնուս կփախչի կոր… լուր չունի՞ս ասկե… գալ շաբթու ճամփա կելլա կոր Սամսոն երթալու համար, արդեն իսկ պատրաստությունները տեսնելու սկսեր է։

− Ճիշտ ես ալ ատոր համար ուզեցի քեզ տեսնել, պետք է որ մինչև քանի մը օր ինչ որ պիտի ընենք՝ ընենք լմնցնենք, որովհետև ես ալ այսօր Փարիզեն նամակ մը առի, մերինը գալ շաբթու հոս պիտի ըլլա և անոր հասնելեն ետքը շատ դժվար է ազատորեն գործ տեսնիլը։

− Լավ, ի՞նչ է քու դիտավորությունդ, ծրագիր մը պատրաստած ես։

− Նախ և առաջ ամենեն գլխավոր բանն է Երանիկը վազ անցնել Սամսոն երթալու խորհուրդեն…

− Բայց ինչպես ըսի, ընդհակառակը, անիկա պատրաստություն տեսնելու վրա է։

− Այո, որովհետև քենե խոստում առած է իր էրկանը մասին և անոր ապավինելով է, որ ճամփա ելլելու կպատրաստվի։ Այն օրը, ուր համոզվի, թե զինքը կխաբես կոր և թե էրկանը գործը քենե կախված չէ, ապահովաբար Սամսոն երթալու խորհուրդեն պիտի հրաժարի։

− Ատ այդպես է։

− Լավ, ուրեմն, իրեն պետք է հասկցնես, թե քու բոլոր խոստումներդ ոևէ կարևորություն չունին և թե ինք Սամսոն երթալուն պես ամուսինն ալ գործեն պիտի դադրի։

− Բայց այնքան խոստումներե ետքը, ի՞նչպես կրնամ ըսել, թե զինքը խաբած եմ և բոլոր ըսածներս սուտ էին… շիտակը շատ հաստ կաշի մը ունենալու է ասոր համար։

− Եթե բերանացի չես կրնար ըսել, գոնե նամակով մը կարելի է իրեն իմացնել․․․ ամեն պարագայի մեջ ասիկա անհրաժեշտ է։