Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ սակայն ժամանակը կանցներ։ Քերովբե էֆենտի ժամացույցը նայեցավ. «Օ, որչափ ուշ մնացեր եմ» ըսավ ինքնիրեն, հետո մոտեցավ անկողնին.

− Ղուկաս էֆենտի, կներեք, ես պիտի մեկնիմ, ժամանակը ուշ է, եթե հրաման մը ունիք կամ ղրկելիք լուր մը՝ ըսեք… իրիկունը նորեն կուգամ ձեր վրա տեղեկություններ առնելու համար։

− Կաղաչե՛մ, մեր գրասենյակը հանդիպե և լուր տար, որ հիվանդ եմ ու չպիտի կրնամ այսօր վաղը գործի երթալ։ Եթե կարևոր բան մը ըլլա, թող իրենք տուն գան։

− Շատ աղեկ, հիմա անմիջապես կերթամ լուր կուտամ:

Եվ Քերովբե էֆենտի դուրս ելավ սենյակեն։

Մինչև իրիկուն տիկին Թագուհի քանի մը անգամ եկավ ամուսնույն քով։ Վիճակը փոփոխություն մը չուներ, միայն թե իրիկվան դեմ տաքությունը ավելի սաստկացավ և հարկ եղավ ծառան ղրկել բժիշկը կանչելու համար։

Տիկին Թագուհիի մտատանջությունը ավելցած էր և հիվանդին անկողնին քով թիկնաթոռի մը մեջ ընկղմած, կդիտեր իր ամուսինը, որ անդադար կհևար։

Բժիշկը ներս մտավ։

− Տոքթոր… այս որչափ ուշացաք,− գոչեց տիկին Թագուհի՝ ոտքի ելլելով,− տաքությունը առտըվնե ի վեր շատ ավելցած է…

− Վերքը ինչպե՞ս է,– հարցուց բժիշկը։

− Վե՞րքը… ի՞նչ վերք,– ըսավ Թագուհի զարմացած։

Բժիշկը հանկարծ զգաց, որ սխալ մը գործած էր և թե առտուն այնպես որոշված էր, թե Ղուկաս էֆենտիի վիրավորված ըլլալը բոլորովին գաղտնի պիտի պահվեր, նույնիսկ կնոջմեն։ Բայց այլևս անկարելի էր ընկրկիլ։

− Ի՞նչ վերք, տոքթոր… մի՞թե վիրավորված է, խոսեցեք տեսնեմ,− կպնդեր տիկին Թագուհին, բժիշկը սենյակին մեկ անկյունը տարած։

Տոքթորը երկու բառով իրողությունը բացատրեց տիկնոջ, քանզի անկարելի էր ուրիշ կերպով օձիքը ազատել, հետո ավելցուց.

− Գիտեք, որ խոստացած էի այս վերքը ծածուկ պահել ձեր ամուսնույն պատիվին համար, և այժմ տանը մեջ ձենե զատ մեկը չի կա այս գաղտնիքը գիտցող, ուստի կխնդրեմ, որ դուք ալ ոչ ոքի խոսք մը ըսեք։

– Բայց մի՞թե վտանգավոր է այդ վերքը: