զատ մարդ չիմանա… մեր ընտանեկան պատիվը այնպես կպահանջե… կհասկնա՞ս…
− Այո, այո… ընտանեկան պատիվը, գիտեմ,− պատասխանեց Թագուհի, տեսակ մը զզվանքով,− անհոգ եղիր, գաղտնիքը կպահենք և մեր ընտանեկան պատիվն ալ մաքուր կմնա։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Օրերով Ղուկաս էֆենտի անկողնին մեջ պառկած մնաց, առանց բարելավության նշան մը ցույց տալու։ Բժիշկը ամեն օը երկու անգամ կուգար զինքը խնամելու, առանց կարենալ որոշ ապահովություն մը տալու։ Գիշեր մըն ալ հանկարծ վիճակը ծանրացավ, տաքությունը սաստկացավ, հարկ եղավ երթալ բժիշկը անկողնեն հանել ու բերել։
− Վիճակը շատ գեշ է,− հայտարարեց բժիշկը,− և ես չեմ ուզեր պատասխանատվություն ստանձնել, հարկ է, որ մեկ քանի բժիշկներով խորհրդակցություն մը կատարենք։
Արդեն մի քանի անգամներ բժիշկը այդ խորհրդակցությունը պահանջած էր, սակայն Ղուկաս էֆենտի ընդդիմացած էր, չուզելով իր վերքը ուրիշներուն ալ հայտնել։
Ամենուն այնպես հավատացացած էին, որ էֆենտին կողացավե կտառապեր, սաստիկ պաղ առած ըլլալով։ Ինք կուզեր, որ այդ սուտը երևան չելլա։ Սակայն այս անգամ ալ իր կամքը չհարցուցին, այլ անմիջապես հրավիրեցին երկու ծանոթ վիրաբույժներ։
Խորհրդակցության արդյունքը շատ աննպաստ էր, վաճառականին վիճակը հուսահատական համարվեցավ և երկու օր ետքը ուրբաթ առտու մը, ահռելի տագնապներու և զառանցանքի մեջ, Ղուկաս էֆենտի մեռավ, տասներկու ժամ ինքզինքը կորսնցնելե ետքը։
Այս մահը մեծ հուզում առաջ բերավ Բերայի բարձր դասին մեջ, հետևյալ օրը բոլոր հայ թերթերը այս բոթը գուժեցին հայ հասարակության։ Ահավասիկ այդ թերթերեն մեկեն քաղվածք մը։
«Մեծ և անդարմանելի կորուստ մը խոր սուգի մեջ կընկղմե Բերայի բարձր դասու հայ ընտանիքները։ Կ. Պոլսո առևտրական հրապարակին վրա մեծ համբավ վայելող ծանոթ վաճառական Ղուկաս էֆենտի Կելկիթյան անագորույն մահվան ճիրաններուն զոհ գացած է երեկ առավոտ, կարճ հիվանդութենե ետքը, անմխիթար թողլով իր այրին և երկու աղջիկները, ինչպես նաև բոլոր ազգականներն ու բարեկամները։