Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մեծանուն հանգուցյալը, որ իր պարկեշտությամբը, բարձր իմացականությամբը և ուղղամտությամբը ծանոթ էր, կրցած է առևտրական հրապարակին վրա մեծ դիրքի մը տիրանալ և պատկառելի դառնալ ոչ միայն իր ազգակիցներուն, այլ նաև օտար շրջանակներու մեջ:

«Ղուկաս էֆենտի, բաց աստի, օրինակելի ամուսին մը և տիպար հայր մը եղած է և իր աղջիկներուն տված է կատարյալ դաստիարակություն մը, զանոնք մեյ մեկ չքնաղ զարդեր ընելով հայության համար։

«Իբրև պարտաճանաչ հայ, հանգուցյալը երկար տարիներ վարած է ազգային պաշտոններ, իր առատաձեռնությամբ օգնած է բարեգործական ձեռնարկներու։

«Ղուկաս էֆենտի Կելկիթյանի հուղարկավորության տխուր արարողությունը պիտի կատարվի վաղը, կիրակի առավոտ, Բերայի Ս. Երրորդության եկեղեցին»։

Կիրակի առտու ամբողջ եկեղեցին լուսավորված էր հարյուրավոր մոմերով ու կանթեղներով, ամենքն ալ սև շղարշներով պատած։

Եկեղեցիին մեջտեղը կբարձրանար մեծաշուք ընկուզենիե դագաղ մը, խոշոր պսակներու տակ ծածկված։ Ամենեն շքեղը տիկին Թագուհիի պսակն էր՝ «իր սիրեցյալ ամուսնույն», հետո Ռոզիկի և Լևոնի կողմե պսակ մը «իրենց պաշտեցյալ հոր»-ը, Նոյեմիին պսակը «իր ամենասիրելի հոր»-ը, վերջապես պսակներ Բերայի Աղքատախնամին, Թաղ. Խորհրդի, Կալվածոց Հոգեբարձության, Եսայան վարժարանի, Ազգ. Հիվանդանոցի և ուրիշ բարեգործական հաստատություններու կողմե։

Ասկե զատ կային նաև ուրիշ շատ պսակներ, որոնց մեջ աչքի կզարներ Քերովբե էֆենտիի կողմե ղրկված փառավոր պսակը:

Որոշյալ ժամուն բազմությունն արդեն խռնված էր եկեղեցիին մեջ. «հոծ և ընտրյալ» բազմություն մը, ինչպես սովորություն է ըսել։ Բոլոր ծանոթ վաճառականները և դրամատերերը հոն էին, ինչպես նաև առևտրական հրապարակին վրա կարևոր դիրք ունեցող օտարականներ։

Հանդեսին կնախագահեր Պատրիարքը, իր շուրջը ունենալով վեց եպիսկոպոս, տասնչորս վարդապետ և երեսուներկու քահանա։ Դամբանականը խոսեցավ Ս, Պատրիարքը՝ բնաբան առնելով Ս. Գրոց սա խոսքը «Այր ըստ սրտին Աստուծո»։