Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախ՝ ներկայացուց Ղուկաս էֆենտին իր պատանեկության հասակին, ուշիմ, գործունյա, պարկեշտ, ուղղամիտ, բարոյալից ու բարեպաշտ պատանի մը, որ իր այս չքնաղ ու աստվածատուր ձիրքերուն շնորհիվ հետզհետե կհառաջադիմե ու ինքնօգնությամբ փայլուն դիրքի մը կտիրանա՝ ամենուն համակրանքն ու հարգանքը վայելելով։ Իր ուղղամտությունն ու պարկեշտությունը, որոնք առածի կարգ անցած էին, զինքը ա՛լ ավելի կբարձրացնեն հաջողության ճամփուն մեջ։

Հետո ցույց տվավ Ղուկաս էֆենտին իբրև ընտանեսեր ամուսին ու տիպար հայր մը, հայկական բնատուր բարոյականով շաղված։ «Իր մտածումը, ըսավ բեմբասացը, միշտ սևեռած էր ընտանեկան հարկին վրա, որ իրեն համար խորան մըն էր և որուն սրբությունը անկեղծ պահեց մինչև իր վերջին շունչը։

Քերովբե էֆենտի, որ դասը կեցած էր, հուզված մտիկ կըներ իր բարեկամին ուղղված այս ներբողները, անընդհատ արցունքները կսրբեր և իր լացը արգիլելու համար, թաշկինակով քիթը կսեղմեր։

«Այն պատվական հայրը, որ այս դագաղին մեջ կհանգչի, շարունակեց նորին սրբազնությունը, երեք բանի համար միայն կապրեր, այդ երեք բաներն էին՝ «ընտանիք, պատիվ և բարոյական»։ Իր ներողամիտ ոգին այն ատեն միայն կընդվզեր, երբ ան ընտանիքի, պատիվի կամ բարոյականի դեմ արարքի մը հանդիսատես կամ ականջալուր կըլլար։ Իր առատաձեռն բարեգործությանը մեջ իսկ, տեսակ մը զանազանություն կդներ, պատիվի կամ բարոյականի անցագիրը կհարցներ իրեն դիմողներուն և երբ իմանար, որ խնդրարկուն ոևէ արատ մը կկրե ընտանիքի, պատիվի կամ բարոյականի վերաբերմամբ, անողոքաբար դուռը երեսին կգոցեր»։

Պատրիարք Հայրը տիպար վաճառականը, տիպար ամուսինը, տիպար հայրը և տիպար բարերարը ներկայացնելե ետքը անցավ տիպար ընտանեկան մարդուն։ Ղուկաս էֆենտի Կելկիթյան, ըսավ, իր բարեկամներուն և ծանոթներուն համար իմաստուն Մենտոր մը, լուսատու Փարոս մը և փրկարար ուղեցույց մը եղած էր միշտ։ Իր ամենօրյա տեսակցությանը մեջ կրցած էր իրեն մոտեցողներուն միշտ պատկառանք ու ակնածություն ներշնչել և իր այս ազդեցությունը գործածած է իրեն մոտեցողները պատիվի և բարոյականի շավիղին մեջ մղելու համար։

Բավական էր իրեն հետ կարճ շփում մը ունենալ մոլորություններե