հրաժարելու և ուղղության ու առաքինության ճամփան մեջ մտնելու համար։ Ղուկաս էֆենտի Կելկիթյան բարոյացուցիչ ոգի մըն էր, գերմարդկային ոգի մը, բարոյականության խորհրդանշանը: Իր ամենեն սովորական խոսակցության միջոցին առիթ կգտնար ընտանեկան սրբությունը պանծացնելու և փառավորելու, պատիվի ու բարոյականի դաս տալու։
Դամբանախոս սրբազանն այն աստիճան պերճախոսաբար կպատկերացներ Ղուկաս էֆենտին, որ խեղճ Քերովբե էֆենտի, հակառակ իր թաշկինակով քիթը սեղմելուն՝ չէր կրնար հեծկլտուքը զսպել:
«Այսպես ուրեմն, ոչ ևս է Ղուկաս էֆենտին, գոչեց նորին սրբազանությանը, այդ առաքինի մարդը, ընտանեկան սրբությանը այդ բուրվառը, բարոյականության և պատիվի այդ երկնառաք ոգին, բարերարության այդ աննման հրեշտակը… «Այր ըստ սրտին Աստուծո», էր նա, ինչպես էր Դավիթ արքան և երբեք իր կյանքին մեջ չգործեց արարք մը, զոր նախախնամությունը վավերացուցած չըլլար: Իր կորուստը անջնջելի պիտի մնա, իր թողած պարապը կարելի չպիտի ըլլա լեցնել։ Թող լա իր անմխիթար այրին, որ այսպիսի անզուգական ամուսին մը կկորսնցնե, թող լան իր դստերքը, որ հայրերուն պատվականագույնը չունին այլևս, թշվառները թող իրենց պաշտպան հրեշտակը ողբան և իր բարեկամները թող հեծեն, զի ոչ ևս է իրենց խրատատու պատգամը և հայ ազգը համորեն թող սուգ զգենու զի իր զավակներուն ընտրելագույնն է, որ կթռչի երկինս, հավիտենական փառաց մեջ, իր առաքինի կենաց արժանավոր վարձը վայլելու, ամեն»։
Այս պերճախոս դամբանականեն ետքը կրկին մեռելական աղոթքներ կարդացվեցան, ծանր ու դանդաղ կերպով արարողությունը կարելի եղածին չափ երկարելու համար:
Վերջապես դագաղը դուրս հանվեցավ և դրվեցավ քառաձի շքեղ կառքի մը մեջ։
Ժամուն բակը, իբրև սգակիր, կեցած էին տիկ. Երանիկի ամուսինը և ուրիշ սևազգեստ մարդ մը, զոր ոչ ոք կճանչնար և որ նույնիսկ հանգուցյալ Ղուկաս էֆենտիի եղբայրն էր, անծանոթ մոռցված եղբայր մը, որ Քարթալի մեջ ածխավաճառ էր և որ այս մահվան առթիվ երևան ելած էր իր տեղը գրավելու համար։
Հուղարկավորները մինչև Թաքսիմ հետիոտն հետևեցան դագաղակիր կառքին, որուն ծոպերեն ալ Քերովբե էֆենտի բռնած էր: