− Չըլլա նե տնանկ ընենք,– կխորհեր ճամփան,– հանրագրություն մը պատրաստենք, ստորագրել տանք, հարկավ քանի մը հարյուր ստորագրություն կրնանք հավաքել…
Ճամփան նշմարեց իր ազգական խմբագիրը, որ աճապարանքով կերթար և իսկույն հիշեց, որ անոր ալ խոսելիք ուներ։
− Նշանի՜կ, Նշանի՜կ,− պոռաց։
Խմբագիրր կեցավ, տեսավ Մարգար էֆենտին ու վազեց եկավ ժպտերես։
− Ի՞նչ ասանկ կվազես կոր,− ըսավ վաճառականը։
− Խմբագրատուն կէրթայի կոր… ուշ մնացի։
− Սա մեր թաղին վրա բան մը չգրե՞ս…
− Ի՞նչ կա որ ձեր թաղին մեջ։
− Զարմանալի բան, այս ի՞նչ տեսակ խմբագիր ես, ամբողջ թաղը տակնուվրա եղած է և դուն լուր չունիս։
− Հավատացեք, որ բան մը չեմ իմացած, պատմեցեք տեսնեմ։
Մարգար էֆենտի իրողությունը քանի մը բառով բացատրեց և ավելցուց.
− Վաղվան թերթին մեջ պզտիկ աղվոր բան մը գրե։
− Շա՛տ աղեկ, Մարգա՛ր էֆենտի։
− Բայց չմոռնաս, անպատճառ գրես, կհասկնա՞ս կոր…
− Ինչո՞ւ պիտի մոռնամ, քանի որ այսչափ կփափաքիք, կգրեմ, ես կուզե՞մ ձեզ վշտացնել… ազգական ենք նե…
Մարգար էֆենտի ժիլեյին գրպանը խառնեց, ոսկի մը հանեց, տվավ Նշանիկին և ըսավ.
− Վաղն առտու թերթին մեջ տեսնելու եմ հա…
− Վստահ եղեք, հիմա կգրեմ, կհանձնեմ։
− Սանկ զորլու, կծու բան մը։
− Փափաքածեդ ավելի ավելի, այդ մասին բնավ հոգ մի ընեք։
Եվ խմբագիրը հեռացավ գոհ ու զվարթ տպավորության ներքև։
Այս գործն ալ տեսանք, մտածեց։
Երկուշաբթի առտու, կեսօրին մոտ, Ք․ թաղին փոքրիկ հրապարակի սրճարանը լեցված էր անգործ թաղեցիներով, որոնցմե ոմանք թուղթ և ուրիշներ նարտ կխաղային և մեկ քանիներ ալ սիկարեթ ծխելով օրվան քաղաքականությունը կվերլուծեին, երբ ներս