Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հերքումը երկու ոսկի արժած էր Պողոս էֆենտիին, բայց ազդեցությունը շանթահարիչ եղավ։

Մարգար էֆենտի զգաց, որ իր ու հակառակորդին միջև կռիվը սոսկալի պիտի ըլլար և թե այլևս համաձայնության ամեն միջոցները սպառված էին։

Իր առևտրական գործերը գրեթե երեսի վրա թողած՝ իր ամբողջ ուշադրությունը նվիրեց թաղային պայքարին։

Նախ՝ լուր ղրկեց ու իր տունը բերել տվավ Ռափիկ աղան, որուն մեկ քանի գոհարեղեններ հանձնարարեց, մոտավորապես 150-160 ոսկիի ապրանք, որոնցմե ոսկերիչը առնվազն 20-30 ոսկի կհուսար շահիլ։

− Մոտերս ազգական մը ունինք, պիտի ամուսնացնենք,– ըսավ վաճառականը,− եթե զիս գոհ ձգես՝ փոխանակ ուրիշի դիմելու, պետք եղածները քենե կառնենք։

Վաճառականը բնավ ակնարկություն չէր ըրած ժամկոչի խնդրին, սակայն Ռափիկ աղա կռահեց, թե այս հանկարծական բարեկամության ծայրը ուր կնայի։

Մարգար էֆենտի հետո գնաց գտավ Սամիկյան հաճի Հակոբ աղան, Թաղական Խորհրդի անդամ մյուսյու Գարեգինին էֆենտին։

− Գիտես հաճի աղա, շատ վշտացած եմ քեզի դեմ,− ըսավ։

Մյուսը, որ երբեք չէր հիշեր ոևէ կերպով վիրավորած ըլլա Մարգար էֆենտին, այս խոսքերուն համար իր զարմանքը հայտնեց։

− Կվայելե՞ սա գրագիրիդ ըրածը,− գոչեց վաճառականը սրտմտած շեշտով մը։

− Ո՞ր գրագիրիս…

− Մյուսյու Գարեգին է, ի՞նչ է…

− Զարմանալի բան, Գարեգինը ի՞նչ կրնա ընել ձեզի դեմ, անիկա պարկեշտ, հավատարիմ, ազնիվ բնությամբ պաշտոնյա մըն է. տասը տարի է քովս է ու օր մը դժգոհության տեղիք չէ տված։ Սխալած ըլլալու եք, Մարգար էֆենտի։

− Սխալած չեմ, ես ըսածս գիտեմ, սա Գարեգինը մեր Թաղ. Խորհրդին անդամ է, մեր գեղը կընստի։

− Այո՛, գիտեմ, որ Ք. թաղը կնստի, բայց թաղական ըլլալը չէի գիտեր, էյ, ի՞նչ կըլլա թաղական ըլլալով…

− Ի՞նչ պիտի ըլլա, ինծի դեմ կդավե կոր, թշնամիներուս հետ մեկ է եղեր, իս անպատվելու, նախատելու ելեր է, բայց ամենուն ալ պիտի հասկցնեմ իմ ով ըլլալս…