Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Տեր ողորմյա, − գոչեց հաճի Հակոբ աղա թևերը վեր բարձրացնելով.− բայց սա խնդիրը բացատրե տեսնեմ։

Մարգար աղա ստիպվեցավ ժամկոչ Վարդանի միջադեպը և անոր հաջորդող իրողությունները պատմել։

Հետո ավելցուց.

− Կվայելե՞, որ քու պաշտոնյադ ինձի հանդեպ այսպիսի ընթացք մը բռնե. եթե իմ պաշտոնյաներես մեկը ատանկ բան մը ըրած ըլլար քեզի հանդեպ, վայրկյան մը քովս չէի պահեր, կվռնտեի, նույնիսկ աչքիս լույսը ըլլար։ Չէ, շիտակը, հաճի աղա, չափազանց սիրտս ցաված է քեզի դեմ։

− Բայց Մարգա՛ր էֆենտի, ես բանե մը տեղեկություն չունեի, հիմա դուն պատմեցիր նե՝ այն ատեն իմացա, ես ի՞նչ հանցանք ունիմ գործին մեջ։

− Աղեկ, հիմա իմացա՞ր ա,− գոչեց վաճառականը,− ինչ պետք է ընել նե՝ ըրե։

Ծերունին քիչ մը մտածեց և ըսավ.

− Ի՞նչ կուզես, որ ընեմ։

− Չեմ գիտեր, իմ պատիվս փրկելու համար ինչ որ պետք է, ան պիտի ընես։

− Գարեգինը, ինչպես ըսի, իմ տասը տարվան պաշտոնյաս է և շատ գոհ եմ իրմե, ինչպե՞ս կրնամ ասանկ խնդրի մը համար զինքը ճամփել։

− Ճամփելու պետք չի կա. կկանչես, ականջեն կքաշես, կհասկցնես, որ ինծի հետ «օղրաշմիշ» չրլլա։ Ինք ո՞վ է, որ ինծի գլուխ կբռնե կոր… իրեն պես թաղականները ես իմ քովս «ուշաղ» տեյի կգործածեմ։

− Քեզի բան մը ըսե՞մ,− պատասխանեց հաճի Հակոբ աղա,− մեկ միջոց կա այս խնդիրը վերջացնելու։ Գարեգինը կկանչեմ ու կըսեմ, որ թաղականութենեն հրաժարականը տա, քաշվի։

− Կամ թող քաշվի և կամ թող Պողոս էֆենտիին հետ չմիանա։ Ինչո՞ւ փոխանակ Մանուկ աղային կողմը բռնելու− կելլե Պողոս էֆենտիին հետ կըլլա։

− Լավ, անհոգ եղիր, այս մասին ես հիմա իրեն կխոսիմ։

Մարգար էֆենտի իր նպատակին հասած էր, ինք ալ արդեն անկե ավելի բան մը չէր պահանջեր հաճի աղայեն, ուստի ոտքի ելավ և գոհունակ դեմքով մեկնեցավ։