Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծերունի վաճառականը մինակ մնալուն պես իր քով կանչեց Գարեգինը։

− Նստե՛, քեզի խոսելիք ունիմ,− ըսավ լուրջ դեմքով մը իր պաշտոնյային։

Գարեգին, որ իմացած էր Մարգար էֆենտիին այցելությունը՝ նախազգացում ունեցավ, թե խնդիրը ժամկոչ Վարդանին միջադեպին շուրջը կդառնար։

− Դուն թաղակա՞ն ես եղեր,− հարցուց ծերուկը։

− Այո՛,− պատասխանեց Գարեգին ժպտալով։

− Ուրիշ «տերտ» չունի՞ս, գացեր այդ տեսակ գործերուն մեջ մտեր ես։

− Ի՞նչ ընեմ, թաղեցին բացարձակ մեծամասնությամբ զիս թաղական ընտրեց, չէի կրնար մերժել։

− Քեզի խորհուրդ մը պիտի տամ՝ չէ՛ պիտի չըսես։

− Հրամմեցե՜ք։

− Ատ թաղականութենեն պիտի հրաժարիս։

− Ինչո՞ւ համար,− գոչեց Գարեգին թեթև մը կարմրելով։

− Խաթերս համար,− ըսավ վաճառականը։

− Ձեր խաթերը համար պատրաստ եմ ամեն բան ընելու,− պատասխանեց պաշտոնյան,− բայց չեմ կրնար արժանապատվությունս զոհել։

− Արժանապատվությունդ զոհելու ի՞նչ կա ասոր մեջ։

− Որովհետև գիտեմ, որ ձեր խաթերը համար հրաժարած չպիտի ըլլամ թաղականութենե, այլ Մարգար էֆ. Սասանյանի պահանջումին վրա։

− Վա՞յ, գուշակեցիր, թե ինչու համար հրաժարե կըսես կոր։

− Մարգար էֆենտիին մեկնելեն անմիջապես ետքը զիս կանչել ու այս առաջարկությունդ ընելեդ գուշակեցի։

− Գիտե՞ս, որ քեզի դեմ շատ բարկացած է։

− Գիտե՛մ,− պատասխանեց Գարեգին պաղարյամբ։

− Ատանկ մարդու մը թշնամությունը իր վրա հրավիրելը աղեկ բան չէ։

− Ես իրեն դեմ ոևէ հակառակություն չունիմ։ Անմեղ մարդ մը կա, զոր ճամփել կուզեն գործի մը համար, որուն մեջ հանցանք մը չունի։ Այս կետը քննած, ստուգած եմ… իմ խիղճս չներեր ատանկ անիրավություն մը ընել։