ուսուցիչը՝ պարոն Թորգոմ այս պոյքոթեն թե՛ նյութապես և թե՛ բարոյապես կտուժեր և այս պատճառով ավելի բուռն հակամարգարյան եղած էր։
Սրճարանները, տուներու մեջ, վարժարանը, վերջապես՝ ամեն կողմ կքննադատեր, կդատափետեր Մարգար էֆենտին՝ ամենակծու բառերով։ Վաճառականը ի վերջո չկրցավ համբերել։
− Սա նայեցեք, այդ խըմպըլ վարժապետն ալ ինծի դեմ ելեր է,− գոչեց մտերիմներուն,− ինչի՞ն կյուվենմիշ կըլլա կոր ինծի պես մեկուն դեմ խոսելու համար․․․
− Եվ ի՜նչ խոսքեր, ի՜նչ անվայել ակնարկություններ, ի՜նչ զրպարտություններ,− դիտել տվավ Մանուկ աղա։
− Ի՞նչ կըսե կոր նայիմ…
− Բերան առնվելիք բաներ չեն։
− Դուն ականջովդ լսեցի՞ր։
− Հապա, երեկ իրիկուն սրճարանը, բազմության մեջ, ճառ խոսելու պես կպոռար կոր։
− Ճանըմ, ըսե նայինք ի՞նչ ըսավ։
− Էֆենտիս, ի՞նչ ըսավ որ․․․ պատիվի դիպչելու խոսքեր։
− Էյ, դուն ալ բերնին չափը չտվի՞ր։
− Քանի մը խոսք ըսի, պապանձվեցավ։
− Ես ալ անցած օր բերնին չափը տվի,− միջամտեց Միհրանիկ էֆենտի,− անամոթը ելեր ձեր ընտանեկան պատվին հետ կխաղար կոր։
− Ընտանեկան պատվիս հե՜տ,− գոչեց Մարգար էֆ. դողահար ձայնով մը։
− Այո՛,− շարունակեց Միհրանիկ,− տիկին Սաթենի մասին կարգ մը անճոռնի խոսքեր կրներ կոր, իբր թե Պողոս էֆենտիի կնոջմե լսեր է։
− Ի՞նչ խոսք,− հարցուց Մարգար էֆ, հուզված։
− Չըսվելիք բաներ։
− Հելե՛, հելե՛,− պնդեց վաճառականը։
− Ճանըմ, խենթ խոսքեր… իբր թե տիկին Սաթենը անհավատարիմ է եղեր, և այլն, և այլն։
− Ականջովդ լսեցի՞ր այդ խոսքերը,− գոչեց վաճառականը, որուն հուզումը հետզհետե կավելնար։
− Հապա՛, լսեցի՛,− հաստատեց Միհրանիկ։
− Հուզվելիք բան չկա,− միջամտեց Մանուկ աղա,− ամենքս