ալ գիտենք, որ ատոնք սուտ, թշնամական խոսքեր են… սրճարանին մեջ ալ ճիշտ այդ բաները կըսեր կոր։
− Սրճարանին մեջ կնկանս համար անհավատարի՞մ է ըսեր,– պոռաց Մարգար էֆենտի։
− Ամեն տեղ կըսե կոր խայտառակը։
− Եվ մանրամասնություններով,– դիտել տվավ Միհրանիկ։
− Ի՞նչ մանրամասնություն։
− Իբր թե Բերա, օթելի մը մեջ ճանչցվեր է, թե դրամ տվեր է, որ գործը մեջտեղ չելլա և թե բուն տեսնողեն իմացեր է եղեր տիկին Շազիկը և պատմեր է իրեն։
Բոլոր այս բացատրությունները ծայրագույն աստիճանի հասցուցին վաճառականի զայրույթը։
Եթե իրեն աստիճանը ունեցող հարուստ, դիրքի տեր մեկը այդպիսի զրպարտություն մը ըրած ըլլար՝ Մարգար էֆ. թերևս այդքան չպիտի բարկանար, բայց վարժապետ մը, երեք հարյուր ղուռուշ ամսականով չնչին մարդ մը, որ կհամարձակեր իր պատվույն հետ խաղալ, ահա այդ հանդգնությունն էր, որ չէր կրնար ըմբռնել։
Եվ երկու բարեկամները ջանացին զինքը հանդարտեցնել, ըսելով, որ չէր արժեր վարժապետի խոսքերուն կարևորություն տալ։
− Արդեն այդ Թորգոմ ըսվածը փախուկին մեկն է,− դիտել տվավ Միհրանիկ։
− Ապուշ ավանակ մըն է,− ավելցուց Մանուկ։
− Թող առնելիքը ըլլա,− գոչեց Մարգար էֆ. սպառնական շեշտով մը։
Վարժապետին այդ միջադեպը ավելի հրահրեց Մարգար էֆենտիի մարտական եռանդը։ Հետևյալ օրն իսկ Թաղ. Խորհուրդին դեմ ծանր ամբաստանություններով հանրագրություն մը պատրաստել տվավ և Մանուկ աղային հանձնեց, որ թաղեցիներուն ստորագրել տա, որպեսզի վարչության մատուցվի։
− Աղե՛կ, բայց տեսնենք ամենքն ալ պիտի ուզե՞ն ստորագրել,− դիտել տվավ Մանուկ աղա։
− Ամենքը թող չստորագրեն, բավ է, որ քանի մը հարյուր ստորագրություն հավաքենք։
− Ատոք ալ կկասկածիմ, մեր թաղեցիները զարմանալի մարդիկ են, սրճարաններու մեջ կպոռան, կկանչեն, բայց երբ կարգը գա գործելու, մեկ կողմ կքաշվին։