− Պողոս էֆենտիին ալ, Մարգար էֆենտիին ալ խերն անիծեմ… հացի փարա հանելու նայինք։
Մանուկ աղա այս տեսակ ընդդիմություններե չէր հուսահատեր. մարդը կառներ, սրճարան մը կտաներ, քանի մը շիշ օղի կհրամցներ, ժամերով կխոսեր և երբեմն կհաջողեր ստորագրություն մը կորզել։
Ուրիշ կարգ մը դատարկապորտներ 10 կամ 20 ղուռուշի փոխարեն իրենց ստորագրությունը կդնեին հանրագրության ներքև։
Մեկ քանիները, ավելի խստապահանջ−ոսկի մը կպահանջեին և Մանուկ աղա իրենց ստորագրության համեմատ սակարկության կմտներ հետերնին։
Բայց տասը ոսկին շուտով ավարտեցավ, մինչ հանրագրության ներքև հազիվ 40-45 ստորագրություններ հավաքված էին։
Մանուկ աղա երկու օր ետքը ափ առավ Մարգար էֆենտիի տան դուռը։
− Ի՞նչ լուր,− հարցուց վաճառականը։
− Բավական ստորագրության հավաքեցի։
− Ո՞րչափ…
− Հիսունի չափ։
− Չօգտեր, էֆենտիմ, չօգտեր։
− Ես ալ գիտեմ, որ չօգտեր,− պատասխանեց Մանուկ աղա,− բայց ի՞նչ ընենք, կամաց-կամաց… ասկե զատ՝ դրամն ալ սպառեցավ և դրամը այս տեսակ պայքարներու ջիղն է։
− Ճանըմ, դուն ալ պոլ-պոլ չբաժնեիր։
− Թոհաֆ ես, Մարգար էֆենտի, տասը ոսկիեն ի՞նչ կելլա,− պատասխանեց Մանուկ աղա սրտմտած դեմքով մը,− հիսուն հոգիի մեջ տասը բաժնես նե՝ ամեն մեկուն ի՞նչ կիյնա, վրայե վրա մեյ մեկ մեճիտիե։ Հաշիվը մեջտեղն է։
− Ասոնք ամենքն ալ դրամո՞վ ստորագրեցին…
− Չէ, բայց մարդ կա, որուն ստորագրությունը առնելու համար հարկ եղավ ոսկի մը տալ, ուրիշի մը քսան ղուռուշի պիտի խմցնեի, ուրիշի մը մեխանեճիի ունեցած պարտքը մաքրեի և այլն, և այլն։
Մանուկ աղայի հաշվետվությունը թերևս կետ առ կետ ճիշտ չէր և հավանական է, որ նախկին թաղականը 3-4 ոսկիի չափ ինք գրպանած էր։ Վաճառականը կռահեց այս բանը, բայց ձայն չհանեց։