Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իրավունք ունիս,− ըսավ քթին տակեն ու տասը ոսկի ևս հանձնեց, խնդրելով, որ այդ գումարով ալ գործը լմնցնե։

− Կհուսամ, որ ասիկա կբավե,− պատասխանեց Մանուկ աղա։

Արդարև երկու օր ետքը հանրագրությունը երկու հարյուրե ավելի ստորագրություններով ծածկված էր, շնորհիվ «Պայքար Լսարանի» անդամներուն օժանդակության, որոնք ոգի ի բռին օգնեցին Մանուկ աղային։

Սուսերյանց թեև փորձած էր հանրագրությունը ձեռք անցնել ու պատռել, սակայն չէր հաջողած։ Այս ձախողանքեն կատղած ինքն ալ ուրիշ հանրագրություն պատրաստած էր ի նպաստ Պողոս էֆենտիի, որուն Թաղական Խորհուրդի ատենապետ մնալուն անհրաժեշտության վրա կշեշտեր, զգացնել տալով, որ հակառակ պարագային «խիստ ցավալի ու ծանրակշիռ դեպքեր կրնային պատահիլ, որոնց պատասխանատվությունը իրենց վրա չէին ուզեր առնել սույն հանրագրությունը ստորագրողները, որոնք կներկայացնեին թաղին մտավորական և գիտակից ստվար մեծամասնությունը»։

Այս հանրագրությունն ալ քանի մը օրվան մեջ երկու հարյուրե ավելի ստորագրություններով ծածկվեցավ։

Շատ մը թաղեցիներ, հիանալի անկողմնապահությամբ, երկու հանրագրություններն ալ ստորագրած էին միևնույն ատեն։

Այն թաղեցիները, բնականաբար, միակողմանի անձերու կողմե քննադատության առարկա կըլլային։

− Միրիճան աղա, ասանկ բան կըլլա՞, երկուքին տակն ալ ստորագրեր ես։

− Ի՞նչ ընեմ, ես Պողոս էֆենտին կսիրեմ ու կհարգեմ, ես ադ մարդուն վրա վստահություն ունիմ։

− Ուրեմն թող մյուս հանրագրությունը չստորագրեիր․․․

Ճանը՛մ, Մանուկ աղան բերավ, ստիպեց, հիմա իրեն խոսքը կոտրեի՞, ամեն օր միասին կտեսնվինք, կնստինք, կելլենք։

Ուրիշ մը ինքզինքը արդարացնելու համար կըսեր.

− Ես ուրիշի խաթրը կոտրել չեմ ուզեր, ան ալ կստորագրեմ, եթե կուզես, դուն ալ բան մը գրե, բե՛ր, ատ ալ ստորագրեմ։

Երրորդ մը ինքզինքը կմեղմացներ սա կերպով․

Ճանը՛մ, թավլուին գլուխը նստեր Սերոբե աղային հետ թավլու կխաղայի կոր, մեր մյուսյու Թորգոմը թուղթ մը բեըավ «սըվիկա կարդա և ստորագրե» ակնոցս քովս չէր, ես ալ «թավլուի»