Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղած՝ «ի՞նչ է» հարցուցի. «գեշ բան չէ» պատասխանեց, ստորագրեցի, որ իր ձեռքեն ազատիմ։ Քիչ մը ետքը ընկեր Կայծունին եկավ, ան ալ թուղթ մը հանեց «ստորագրե»՝ ըսավ․− «ես մեյ մը ստորագրած եմ» ըսի.− Մեյ մըն ալ ստորագրե՛, պատասխանեց։ Նայեցա, որ խոսքը պիտի երկարի, ստորագրություն մըն ալ հոն դրի… փարայով չէ ա՜, զարմանալի բան, թեև հետո իմացա, որ ուրիշներ փարա առեր ու անանկ ստորագրեր են, մենք ապուշ գտնվեցանք։

Պատգամավորություն մը հակապողոսյան հանրագրությունը տարավ Վարչության ներկայացուց ուրբաթ օր մը։ Ժամ մը ետքը ուրիշ պատգամավորություն մը ի նպաստ Պողոս էֆենտիի հանրագրություն կտաներ Վարչություն։

Քանի մը օր ետքը թերթերը կծանուցանեին.

«Ինչպես գրած էինք, Ք. թաղեն երկու հանրագրություններ ներկայացված են Վարչության, մին՝ ներկա Թաղ. Խորհրդի լուծումը և նորի մը ընտրությունը պահանջող, մյուսը՝ Թաղական Խորհրդի պաշտոնի վրա մնալը խնդրող։

«Քաղաքական ժողովը իր երեկի նիստին մեջ նկատի առավ այս երկու հանրագրությունները և չկրնալով եզրակացության մը հանգիլ, որոշեց իր անդամներեն երկուքին պաշտոն հանձնել երթալ տեղվույն վրա քննություն մը կատարելու և հաղորդելու պատկառելի Վարչության, որպեսզի պարտ ու պատշաճ տնօրինություն մը ըլլա։ Վարչության կողմե ընտրված պատգամավորներն են Սափորյան և Ծրարյան էֆենտիները, որոնք վաղն իսկ, կիրակի, հիշյալ թաղն երթալով, իրենց պաշտոնին պիտի ձեռնարկեն»։

Երբ Վարչության այս որոշումը կարդաց՝ Մարգար էֆենտի ուրախությամբ ձեռքերը շփեց։

− Եթե գործը Սափորյան էֆ-ին հանձնվեր է,− մտածեց,− ամեն բան հաջող է։

Արդարև փաստաբան Սափորյան էֆենտի վաճառականին հին ծանոթներեն էր և հաճախ անոր դատերը վարած։

Մարգար էֆ. որոշեց հետևյալ ցերեկ ճաշի հրավիրել Վարչության երկու անդամները։

− Թեև Ծրարյան էֆենտին չեմ ճանչնար,− ըսավ իր կնոջ, բայց վնաս չունի, Սափորյան էֆենտին մեր հին լավագույն բարեկամներեն է, և անոր միջոցավ Ծրարյանի հետ ալ կծանոթանանք։

Թերթերուն տված լուրը ոչ նվազ ուրախացուց Պողոս էֆենտին։