Արագ քայլով մը մտան եկեղեցիին բակը և ուղղվեցան դեպի Խորհրդարան։
− Կեցցե՛ Թաղ․ Խորհուրդը,− գոչեցին քանի մը ձայներ, որոնց անմիջապես ուրիշ ձայներ պատասխանեցին։
− Կեցցե՛ն Վարչության պատվիրակները, կեցցե՛ արդարությունը,− գոչեցին մեկ քանիներ ալ։
Երկու պատվիրակները առանց մեծ կարևորություն մը ընծայելու այդ ցույցերուն՝ մտան Խորհրդարան։
Հոն ժամու մը չափ մնացին և այդ միջոցին հետզհետե լսեցին ժամկոչ Վարդանը, ընկեր Կայծունին, ընկեր Սուսերյանցը, Մանուկ աղա, վերջապես բոլոր անոնք, որոնք հեռվեն կամ մոտեն մասնակից էին տեղի ունեցած պայքարին։
Ժամը մեկին կմոտենար և տակավին ուրիշ վկաներ ալ կային լսելիք, որովհետև ամեն թաղեցի կուզեր իր տեսակետը պարզել։
− Ասիկա շուտով լմննալիք գործ մը չէ,− ըսավ Պողոս էֆենտի երկու պատվիրակներուն,− եթե կուզեք՝ քննությունը դադարեցուցեք և երկու ժամ ետքը կրկին շարունակեցեք․․․ թող երթա ամեն մարդ իր ճաշը ընե։
− Էֆենտին իրավունք ունի, դադար մը ընելու է,− վճռեց Սափորյան էֆենտի։
− Մանավանդ, որ մեր ալ փորը անոթեցավ։
− Այս տեղվանքը ճաշարան մը կրնա՞ք գտնել,− հարցուց Սափորյան։
− ի՞նչ ընելու համար,− ըսավ Պողոս էֆենտի։
− Զարմանալի բան, ճաշելու համար։
− Այդ ի՞նչ խոսք է, կվայելե՞, որ երթաք ճաշարանը կերակուր ուտեք, մեզի պիտի հրամմեք։ Տոքթ․ Ծրարյան կֆենտին մեր հին ու պատվական բարեկամն է, անանկ չէ՞ տոքթո՞ր։
− Այնպես է,− պատասխանեց Ծրարյան։
− Ուրեմն թող տոքթորը ձեզի գա, ես ալ կերթամ տեղ մը փորս կկշտացնեմ։
− Անանկ բան չըլլար,− պնդեց Պողոս էֆենտի,− երկուքդ ալ իմ հյուրս եք, արդեն ամեն պատրաստություն տեսնված է։
− Մեկտեղ Պողոս էֆենտիին կերթանք,− ըսավ Ծրարյան իր պաշտոնակցին դառնալով,− եթե ոչ ես ալ ճաշարան կուգամ։
− Ատիկա միտքերնեդ հանեցեք,− գոչեց Պողոս էֆենտի։
− Լա՛վ, լա՛վ, ձեզի կերթանք,− վճռեց Սափորյան։