Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն միջոցին դուռը բացվեցավ, Միհրանիկ էֆենտին ներս մտնելով Սափորյանի ականջին բաներ մը փսփսաց, որուն վրա փաստաբանը ոտքի ելավ և՝

− Վայրկյան մը սպասեցեք, ես հիմա կուգամ ըսելով՝ Միհրանիկի հետ դուրս ելավ։

Արդարև քիչ մը ետքը վերադարձավ ըսավ.

− Պողոս էֆենտի, կներե՛ք, ես չպիտի կրնամ գալ…

− Ինչո՞ւ համար,− գոչեց Պողոս էֆենտի, որ ամեն բան գուշակած էր։

− Որովհետև Մարգար էֆենտին եկած է զիս տուն տանելու համար, դուրսը կսպասե կոր։

− Անկարելի է, ինծի խոսք տվիր,− գոչեց Պողոս էֆ. որ այլայլած էր տեսնելով, որ որսը ձեռքեն կհափշտակեն։

− Կներեք, ես խոսք չտվի,− պատասխանեց Սափորյան էֆենտի,− այլ պարզապես ձեր որոշումներուն վրա համակերպվեցա, բայց հիմա, որ Մարգար էֆենտին հատկապես եկած է զիս հրավիրելու, չեմ կրնար իր հրավերը մերժել։ Ինչպես որ տոքթ. Ծրարյան ձեր վաղեմի բարեկամն է, նույնպես Մարգար էֆենտին ալ իմ վաղեմի բարեկամն է։ Ուրեմն ցտեսություն, ժամը երեքին կրկին այստեղ կգտնվինք ու մեր քննությունը կշարունակենք։

Եվ փաստաբանը բարևելով դուրս եկավ։

− Տեսա՞ր սա անպիտանին խաղացած խաղը,− գոչեց Պողոս էֆենտի Ծրարյանին դառնալով։

− Ասանկ ավելի աղեկ եղավ,− պատասխանեց մյուսը,− եթե երկուքս ալ ձեր տունը գայինք ճաշելու, կրնար այլընդայլոց մեկնություններու տեղի տալ։

− Էֆենտին իրավունք ունի,− միջամտեց Գարեգին,− լավ է, որ պատվիրակները կատարյալ անաչառությամբ գործեն։

Եվ սակայն Պողոս էֆ. դժգոհ էր։

Ինք կհուսար մեծամեծ օգուտներ քաղել իր պատրաստած սեղանեն, որուն հրավիրած էր ոչ միայն իր երկու պաշտոնակիցները, Գարեգինն ու Մկրտիչը, այլ նաև իրենց կուսակից մեկ քանի թաղեցիներ, որոնք իբրև թե բոլորովին չեզոք՝ իր դատը պիտի պաշտպանեին։

Չմոռնանք ըսել, որ Մարգար էֆենտին ալ, բացի պատվիրակներեն, ուրիշ 5-6 թաղեցիներ ալ հրավիրած էր նույն նպատակով։