թաղը տակնուվրա ըլլա… բայց ուրիշ բան մը չէր սպասվեր արդեն այդպիսի վարնոց կնիկե մը, որուն մայրը ժամանակին խոսված է եղեր, որուն մորաքույրը երեք անգամ ամուսնացած է, որուն մեկ եղբայրը հույն աղջիկ մը փախուցեր է, և այլն, և այլն։
Իզուր փաստաբանը զայն հանգստացնելու համար կկրկներ.
− Բայց, տիկին, այդ բաները կապ չունին մեզ զբաղեցնող խնդրին հետ, ատոնք ընտանեկան ներքին խնդիրներ են, որոնցով հետաքրքրվելու պետք չունինք։
− Ի՛նչ ըսել է, անիկա ինծի համար այնքան խոսքեր կըսե կոր, ես իրեն համար չպիտի՞ ըսեմ։
− Ըսե՛ք, տիկին, ինչ որ կուզեք, միայն թե Թաղական Խորհրդի խնդրույն հետ կապակցություն չունին։
Տիկին Սաթեն գերագրգռված գոչեց.
− Սափորյան էֆենտի, աֆ կընես ամա կարծեմ անպատճառ Շազիկը պաշտպանել կուզես կոր… կերևա, որ աչքդ խածեր է… խերը տեսնես։
Փաստաբանը չպատասխանեց, բայց հայտնի կտեսնվեր, որ դժգոհ մնացած էր տանտիրուհիին այդ ակնարկաթյուններեն։
Վաճառականը զգաց, որ կնոջ այս հարձակողական ընթացքը կրնար վնասակար հետևանքներ ունենալ իր դատին համար և ստիպեց կինը, որ լռե։
− Պարապ խոսքեր են ատոնք,− գոչեց,− և նույնիսկ անվայել, խնդիրը Շազիկին վրա չէ բնավ, գործը պետք չէ, որ պզտիկցնենք ու անձնականի տանինք…
Հետո խոսակցության նյութը փոխեց, առևտրական և դատական խոսքեր բացավ և միջոց մը ըսավ Սափորյան էֆենտիի։
− Աղեկ միտքս ինկավ, ձեզի հետ առանձին տեսնվել կուզեի․․․
− Այս թաղականի՞ն խնդրույն համար,− հարցուց փաստաբանը։
− Չէ՞, ճանըմ, անձնական գործի մը համար, վաղը արդեն ձեզի լուր պիտի ղրկեի կամ ես անձամբ գրասենյակ պիտի գայի, բայց քանի որ հիմա եկած եք և ժամանակ ունինք, կրնանք խոսիլ։
− Շատ աղե՛կ,− պատասխանեց մյուսը։
Եվ երկուքը միասին առանձնացան մեծ սալոնին քով գտնված փոքրիկ խուցը, մյուս հյուրերը պահ մը առանձին ձգելով։
Հոն վաճառականը բացատրեց խնդիրը։