Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այդ տոքթ․ Ծրարյան ի՞նչ իրավունք ունի չստորագրելու իր պաշտոնակցին տեղեկագրին ներքև․․․ պարզապես կերևա որ կաշառված է։

− Չեմ կարծեր,− պատասխանեց Վարչության անդամը հանդարտությամբ,− տոքթ․ Ծրարյան անանկ մարդ չէ․․․

− Ան ատեն զինքը խաբած են։

− Միևնույն վկայությունները լսած են երկուքն ալ, միայն թե բոլորովին տարբեր եզրակացություններու հասած։

− Արդեն գիտեի, որ այդպես պիտի ըլլա, երբ Պողոս էֆ-ն բռնի իր տունը կերակուրի տարավ Ծրարյան էֆ-ն։

− Չեմ գիտեր ինչ անցած դարձած է,− պատասխանեց Քերովբե էֆենտի,− միայն սա գիտեմ, որ այս խնդրույն մասեն Վարչության սեղանին վրա երկու տեղեկագիրներ կան, որոնք զիրար կհակասեն։

− Լավ, բայց վերջապես դուք ի՞նչ պիտի ընեք։

− Նախ պիտի աշխատինք, որ երկու քննիչները իրարու հետ համաձայնին և եթե ասիկա կարելի չըլլա՝ այն ատեն նոր քննիչ մը պիտի կարգենք, լիազոր իշխանությամբ, որպեսզի առանձին քննություն մը կատարե և տեղեկագիր մը պատրաստե։

− Ատ քու ըսածդ ամիսներ կտևե։

− Իրավ է, բայց ուրիշ ճար չկա։ Չենք կրնար տեղեկագիրներեն մեն մյուսեն գերադաս համարել․․․

− Եվ թող պիտի տաք, որ թաղին մեջ երկպառակությունը այսպես շարունակվի՞…

− Ի՞նչ կուզեք, որ ընենք։

− Թաղեցիները իրարու գլո՞ւխ պատռեն, արյո՞ւն թափի…

− Համբերություն, Մարգար էֆենտի, համբերությո՛ւն, ազգային գործերը անանկ դյուրավ չեն կարգադրվիր, կարգ, կանոն կա, օրենք կա, անոնց համեմատ պետք է վարվինք։

Վաճառականը սրտնեղած սկսավ քննադատել Վարչաթյունը, որ խնդիրները կձգձգեր առանց վերջնական որոշում մը տալու, որ անձերուն արժեքն ու տարբերությունը ըմբռնելու անկարող էր, որ ժամկոչ մը կամ վարժապետ մը հավասար կբռներ վաճառականի մը և այլն, և այլն։

Քերովբե էֆ. թույլ տվավ իր բարեկամին, որ ուզածը ըսե, հետո պատասխանեց։

− Արդեն մեր շրջանը կլրանա կոր, քանի մը ամիսեն պիտի