Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այո՛, բայց քու տեղեկագրիդ բոլորովին հակառակ է եղեր իր գրածը։

− Կարծիքները ազատ են… ես ոևէ իրավունք չունեի իր խորհելակերպին վրա ճնշում բանեցնելու։

− Որով քու տեղեկագիրդ իր արժեքը կորսնցուցեր է բոլորովին։

− Նույն բանը կարելի է ըսել նաև տոքթ. Ծրարյանի տեղեկագրի համար։

− Էյ, ի՞նչ հասկցաք ասկեց։

− Վարչությունը զիս քննիչ կարգեց, ընղաների պաշտոնը, գնացի, քննություն կատարեցի և տեղեկագիրս տվի, որով իմ պարտականությունս լիովին կատարած եղա, խիղճս հանդարտ է, ալ գործը ինե ելած է։ Բայց նորեն կկրկնեմ, ամեն բան կարգին է, միայն թե պետք է համբերել։

− Կարելի չէ՞, որ Ծրարյանին հետ համաձայնության մը գալ… ես Վարչության մեկ անգամը տեսա, ըսավ, որ նոր քննություն մը կատարելե առաջ պիտի ջանան, որ երկու տեղեկագիրերը իրարու հետ համաձայնեցնեն։

− Ատ անկարելի է,− պատասխանեց փաստաբանը,− տոքթ. Ծրարյանը լավ կճանչնամ, սարսափելի համառ մարդ մըն է… ես արդեն շատ աշխատեցա զինքը համոզելու, բայց իզուր…

− Ան ատեն ես ալ ուրիշ միջոցի կդիմեմ,− ըսավ վաճառականը ոտքի ելլելով։

Այս խոսքերուն ներքև թեև սպառնալիք մը պահած էր, բայց փաստաբանը չհասկնալու զարկավ։

Վաճառականը մնաս բարով ըսելով հեռացավ Սափորյանի քովեն։

Սրտմտությունը չէր անցած՝ այլ ընդհակառակը հետզհետե կբորբոքեր։

− Երթամ Պատրիարքը տեսնեմ,− մտածեց ինքն իրեն,− և անոր ձեռքով գործը հաջողցնեմ։

Պատրիարքին հետ մտերմություն չուներ թեև, բայց ծանոթ էր։ Ասկե զատ վստահ էր, որ ինք իբրև ջոջ վաճառական մը, սիրալիր ընդունելություն մը պիտի գտներ։

Իսկույն ուղղվեցավ Սիրքեճիի կայարանը և կառախումբով գնաց Գում-Գաբու։ Մարգար էֆ. շատ քիչ անգամ առիթ ունեցած էր Պատրիարքարան երթալու, ուստի իր ներկայությունը բավական