Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիչ մը ետքը արդարև Միհրանիկ ու իր կինը կմեկնեին հակառակ տիկին Շազիկի առերևույթ սաիպումներուն։

− Գլխու ցավը սուտ է, բան մըն ալ չուներ,− կըսեր թաղականին կինը անոնց երթալեն ետքը,− միայն թե ամոթեն չկրցավ կենալ երբոր իր սիրական Սաթենին խաղքությունները իմացավ․․․ չամչցածը, տեսա՞ք ինտոր… ինե աղեկ գիտե ամեն բան, բայց գործին չի գար խոստովանիլ։

Երբ իրենց ննջասենյակը առանձնացան՝ Նվարդ իր էրկունը պատմեց մի առ մի Շազիկի ըսածները Սաթենի մասին։

Հետևյալ օր Միհրանիկ, Ղալաթիո կողմը ճաշարանի մը մեջ հանդիպեցավ Մարգար էֆենտիին, որ սեղանի մը առջև նստած, աոանձին կճաշեր։ Ինք ալ գնաց անոր քով տեղավորվեցավ։

− Երեկ գիշեր Պողոս էֆենտիե՞նց եք եղեր,− հարցուց վաճառականը։

− Այո՛, ո՞վ ըսավ,− հարցուց Միհրանիկ։

− Մկրտիչ աղան այս առտու ըսավ, ինքն ալ հոն է եղեր։

− Գացինք, բայց շատ չնստեցանք, կանուխ դարձանք, Նվարդին գլխուն ցավը բռնեց… բարով խերով չէրթայինք։

− Ի՞նչ եղավ որ…

− Կինս պարապ տեղը հուզվեցավ, անհանգիստ եղավ։

− Բան մը պատահեցա՞վ…

− Ճանըմ, կարևորություն տալիք բան չէ… արդեն Նվարդին ալ ըսի, որ տիկին Սաթենին բան մը չըսե, պարապ տեղը ան ալ չբարկանա…

− Բայց եղածը ըսե նաիմ,− պնդեց վաճառականը, որ զգաց թե խնդիրը իրենց շուրջը կդառնար։

− Տիկին Շազիկին էտեպսիզությունը, ինչ պիտի ըլլա…

Հելե, հելե, պատմե տեսնենք։

− Իրավ որ խենթ բան է եղածը, չարժեր խոսիլ… ատանկ մարդոց խոսքին կարևորություն տալու չէ… արդեն գիտենք, թե ինչու համար ասանկ թշնամացած են ձեզի հետ։

− Արդեն ո՞վ կարևորություն կուտա… բայց պատմե նայինք, ժամանակ կանցնի։

− Միայն թե խնդրեմ, որ տիկնոջդ բան մը չըսես, որովհետև մենք որչափ ըլլա էրիկ մարդ ենք, ամեն բան պաղարյունով կլսենք, բայց կնիկները անանկ չեն, պզտիկ բանե մը խնդիր կհանեն,