− Այո՛, մինչև Կալաթա Սերայ գացի ու վերադարձա և այդ միջոցին տեսա, որ տիկին Սաթենը դուրս կելլե խանութեն։
− Առանձի՞ն…
− Այո՛, առանձին։ Քիչ մը ետքն ալ Խոսրով էֆենտին դուրս ելավ, տիկինը դեպի Թյունել ուղղվեցավ, իսկ Խոսրով էֆենտին դեպի Կալաթա Սերայ… ահա եղելությունը։
Վաճառականը հասկցավ, որ երիտասարդը իր ամբողջ գիտցածը պատմած էր և թե ավելի բան մը կարելի չէր քաղել անկե։ Խոսքը փոխեց, քանի մը անկարևոր հարցումներ ըրավ, հետո ճամփու դրավ զայն։
Նշանիկ երբ ինքզինքը փողոցը գտավ՝ մեծ շունչ մը առավ։
− Էո՛ֆ,− գոչեց,− այս անգամ կարծեմ ազատեցա այս փորձանքեն… ասկե ետքը կիներու հետ խոսած ատենս աչքս պիտի բանամ և մանավանդ բերանս պիտի գոցեմ…
Խմբագիրը մեկնելե ետքը Մարգար էֆենտի կրկին ինկավ խոր մտածմունքի մեջ։
Հին հիշատակ մըն էր, որ այսպես կխռովեր վաճառականը և կասկածի թույնով կթունավորեր անոր երևակայությունը։
Երբ տարիներ առաջ Սաթենի հանդիպելով հրապուրված էր անոր գեղեցկութենեն ու միտքը դրած հետը ամուսնանալ, իրեն ըսած էին, որ մանկամարդ աղջիկը արդեն իսկ նշանվելու վրա էր երիտասարդի մը հետ։ Այդ երիտասարդն էր Խոսրով Քանասարյան, այն ատեն համեստ ամսականով պաշտոնյա մը, որուն համար կըսեին սակայն, թե փայլուն ապագա ունի։ Ինք, Մարգար էֆենտի, արդեն իսկ կլորիկ հարստության մը տեր էր ու հրապարակին վրա դիրք գրաված։
Երբ Սաթենի ձեռքը խնդրեց, այս վերջնույն ծնողքը բնավ չվարանեցան Խոսրովը զոհելու վաճառականին, իրենց աղջկան համար բախտ մը կհամարեին Մարգար էֆենտիի պես ամուսին մը։ Մանկամարդ աղջիկը սակայն շատ դյուրավ տեղի չտվավ. Խոսրով ու Սաթեն փոխադարձ անկեղծ սիրով մը կապված էին իրարու և նյութական նկատումները չէին կրնար ազդել Սաթենի վրա։ Վաճառականը աղջկան հորն ու մորը հետ դաշնակցած, ստիպվեցավ