− Դուն ալ հավատացի՞ր այդ ըսածին։
− Անշուշտ հավատացի… մանավանդ որ վար իջնելուս արդարև տեսա իր կինը։
Սաթենի տված այս բացատրությունն ալ շատ ճշմարտանման էր։ Վաճառականը այլևս նոր զենք մը չուներ գործածելիք, միայն թե տակավին կկասկածեր կնոջը անկեղծության մասին։
− Ենթադրենք, որ բոլոր ըսածներդ ճշմարիտ են,− ըսավ, − այն ատեն ինչո՞ւ համար քիչ մը առաջ իրողությունը ծածկեցիր և ըսիր, թե Հոֆմանի վաճառատան մեջ ոչ մեկ ծանոթի հանդիպած էիր…
− Ատոր բացատրությունն ալ շատ պարզ է,− պատասխանեց կինը, եթե Խոսրով էֆենտիի տեղ ուրիշ անձ մը ըլլար՝ անմիջապես պիտի ըսեի, բայց գիտեի, որ այդ անունը տալով անտեղի կասկածներ պիտի հարուցանեի մտքիդ մեջ, անոր համար զգուշացա․․․ բայց հետո խորհեցա, որ լավագույն էր ամեն բան անկեղծորեն ըսել, քանի որ դատապարտելի ոչ մեկ բան ըրած չէի։
− Ուրիշ անգամ չեմ ուզեր, որ այդ մարդուն հետ խոսք փոխանակես,− գոչեց վաճառականը։
− Արդեն զինքը տեսնելու առիթ չեմ ունենար երբեք։
− Երկու շաբթուն մեջ երկու անգամ տեսեր ես սակայն։
− Դիպվածը անանկ բերավ։
− Այդ դիպվածին իմ խելքս չի հասնիր կոր․․․
− Ի՞նչ, տակավին կկասկածի՞ս խոսքերոլս ճշմարտությանը վրա,− գոչեց կինը ինքն ալ այս անգամ բարկանալով,− կկարծե՞ս որ քեզ կխաբեմ կոր… մեղապարտ հարաբերություննե՞ր ունիմ Խոսրով էֆ-ի հետ… ըսե, այդ կասկածը ունի՞ս։
− Ես ատանկ բան չըսի։
− Ուրեմն ի՞նչ ըսել կուզես։
− Իմ փափաքս և ուզածս այն է, որ ուրիշներուն բերանը չիյնանք, ահա․․․
− Ոչ մեկուն բերանը ինկած ենք, ատ քու ենթադրությունդ է։
− Մեյ մը Շազիկին խոսքերը մտիկ ըրե։
− Այդ չլթիկին խոսքերո՞վը պիտի շարժինք։
Էրիկ կնիկ դեռ բավական շարունակեցին իրենց վեճը, միայն թե ոչ նույն սաստկությամբ։ Վաճառականը կտեսներ, որ իր ձեռքը եղած փաստերը շատ աննշան էին և անոնցմով կարելի չէր լրջորեն դատապարտել իր կինը։ Միայն թե կասկածը չէր փարատած։