− Պետք է հսկողությունը շարունակեմ,− կխորհեր,− մինչև որ բոլորովին համոզվիմ կնոջս անմեղության մասին, միայն թե հիմա որ կասկածներս իրեն հայտնեցի, շատ ավելի դժվար պիտի ըլլա այդ հսկողությունը, որովհետև իր զգուշությունները պիտի կրկնապատկե… իցիվ թե բան մը ըսած չըլլայի և սպասեի լավագույն առիթի մը։
Իսկ տիկին Սաթեն, իր կողմե, վրեժխնդրական ծրագիրներ կպատրաստեր Շազիկի դեմ, որ այլևս իր մահացու թշնամին դարձած էր։
− Իրեն պետք է հասկցնեմ, թե ի՞նչ ըսել է պատվավոր կնոջ մը պատվին հետ խաղալ,− կմտածեր։
Ամբողջ գիշերը երկու ամուսինները գրեթե անքուն անցուցին, այնքան ազդված էին փոխանակված խոսքերեն։
Տիկին Սաթեն օրերով տանեն դուրս չելավ, կրկնելով, որ չուզեր անհիմն կասկածներու տեղի տալ։
Ի վերջո ամուսինը ինք ստիպեց կնոջը, որ վերջ մը դնե այդ արգելափակ կյանքին, որ կրնար վնասել իր առողջության։
Հինգշաբթի օր մը, կեսօրին, երբ Պողոս էֆենտի իր գրասենյակեն դուրս կելլեր ճաշի երթալու համար, խանին խահվեճին իրեն հանձնեց նամակ մը, ըսելով.
− Էֆենտի, հիմա բերին այս նամակը։
− Ո՞վ էր բերողը,− հարցուց Պողոս էֆենտին անտարբեր ձևով մը։
− Տղա մըն էր… ձգեց գնաց, պատվիրելով, որ ձեզի տամ անմիջապես, վեր պիտի բերեի, երբ դուք վար իջաք։
Պողոս էֆենտի նամակը առանց բանալու գրպանը դրավ։
− Ճաշարանը կկարդամ,− ըսելով մտովի։
Սակայն ճաշարանը մեկ քանի բարեկամներու հանդիպեցավ, որոնց սեղանակից եղավ ու հետերնին խոսակցության բռնվեցավ։
Երբ անոնք կերակուրը ավարտելով մեկնեցան ու ինք առանձին մնաց, հիշեց իրեն հանձնված նամակը, զայն գրպանեն հանեց, անփութորեն պահարանը պատռեց և սկսավ կարդալ։ Առաջին տողերեն իսկ խորին հուզում մը նկարվեցավ դեմքին վրա, գույնը նետեց ու ձեռքը թեթևորեն դողալ սկսավ։ Քանի ընթերցումը առաջ տարավ, հուզումը այնքան սաստկացավ։ Բարեբախտաբար