Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տված էր տեղ մը, ուրկե պիտի կրնամ ամեն բան իմանալ․․․ բայց ո՞վ է այս պարոն Աբգարը, որուն խոսքը կա նամակին մեջ։

− Այս ամենուն մեջ մեքենայություն մը կա,− մտածեց,− զոր պետք է երևան հանել… բայց ի՞նչ կերպով։

Երրորդ անգամը ըլլալով նամակը կարդաց։

− Այո՛, շատ որոշ գրված է,− խորհեցավ,− գուցե իրավցնե անկեղծ բարեկամ մըն է, որ ուզած է աչքս բանալ…

Լավագույն միջոցն է ցույց տրված տեղը երթալ։

Ժամացույցը նայեցավ։ Արդեն մեկ ու կեսն էր։

− Մինչև որ երթամ՝ ժամը երկուք կհասնի,− մտածեց։

Եվ ուղղվեցավ դեպի Թյունել։ Այս անակնկալ նամակը վրդոված էր իր ամբողջ էությունը և հետզհետե կարծես հուզումը կավելնար։

− Արդյոք իրա՞վ է,− կխորհեր,− Շազիկը ասանկ պատվի՞ս հետ կխաղա և ես ալ ապուշի պես բանե մը տեղեկության չունիմ․․․

Մտքին մեջ սկսավ փնտռել թե ո՞վ կրնար ըլլալ իր կնոջ սիրահարը։ Իր ծանոթներուն ոչ մեկուն վրա կասկած ուներ, մանավանդ որ Շազիկ իր ընթացքովը ամենափոքր կասկածանքի մը տեղի չէր տված։

− Եթե հակառակորդներս իմանան՝ ի՞նչ պիտի ըլլա վիճակս…

Ամենեն ավելի այս գաղափարը իր միտքը կչարչարեր։

− Նամակը թեև կհաստատե, որ տակավին մարդ չգիտեր, բայց տեսնենք ճի՞շտ է,− մտածեց։

Վերջապես՝ բոլոր այս մտատանջություններով տոգորված Պողոս էֆենտի հասավ նամակին ցույց տված հասցեին։ Տան դուռը բախելե առաջ ժամացույցը նայեցավ։

− Երկուքը տասն անցեր է,− ըսավ,− արդյոք ո՞ւշ մնացի։

Եվ զարկավ զանգակը։ Դուռը իսկույն բացվեցավ։

− Ո՞վ կուզեք,− հարցուց հույն կինը իր մայրենի լեզվով։

− Մյուսյու Աբգարը,− պատասխանեց Պողոս էֆենտի դողահար ձայնով մը։

− Առաջին հարկը, սանդուխին ձախ կողմի սենյակը կբնակի։

− Հիմա վե՞րն է։

− Այո՛, վերը սենյակն է։

Պողոս էֆենտի կամաց-կամաց վեր ելավ սանդուխեն։ Քանի կմոտենար իր նպատակին՝ այնքան հուզումը կսաստկանար։