ուրիշ մեկը ըլլար՝ ոչ թե մեկ ոսկիով, այլ նույնիսկ տասը ոսկիով ալ բերանս չէի բանար, ու խոսք մը չէի ըսեր, բայց քանի որ դուք կնոջ ամուսինն եք, ձեր իրավունքն է ամեն բան գիտնալ… ես ամեն բանին շիտակը կխոսիմ։
− Շատ շնորհակալ եմ, նախ ըսե թե որչափ ատենե ի վեր սենյակը վարձած է կինս։
− Վեց յոթը ամիս կա,− պատասխանեց կինը մտովի հաշիվ մը ընելով։
− Շաբաթը քանի՞ անգամ կինս կուգար հոս։
− Մեկ անգամ… հինգշաբթի օրերը։
− Միշտ միևնո՞ւյն մարդուն հետ։
− Այո՛․․․
− Միասի՞ն կուգային։
− Չէ՛, ընդհանրապես ձեր կինը առաջ կուգար և քիչ ետքն ալ մյուսը… շիտակը ըսելու համար մեծ զգուշությամբ կվարվեին… երբեք միասին դուրս չէին ելլար… այլ զատ-զատ, կզարմանամ, որ հակառակ այս զգուշություններով դուք կրցեր եք ամեն բան իմանալ։
− Իսկ դիմացի սենյակը բնակող երիտասարդը ո՞վ է…
− Մյուսյու Աբգար է անունը։
− Գիտեմ, ի՞նչ գործ կընե։
− Կարծեմ վաճառականի քով գրագիր է․․․
− Ո՞ր վաճառականին քով։
− Չեմ գիտեր… արդեն դեռ նոր եկած է հոս, հազիվ ամիս մը կա։
− Ինք տեղեկություն ունե՞ր կնոջս ընթացքին մասին…
− Այո,−պատասխանեց կինը,− նույնիսկ անունով կճանչնար թե ձեր կինը և թե երիտասարդը և ինք մեզի ըսավ անոնց բուն անունը, անկե առաջ մենք տիկինը կճանչնայինք իբրև մատամ Մառի։ Չմոոնամ ըսելու, որ Աբգարը շատ կհետաքրքրվեր ձեր կնոջ և իր սիրահարին մասին… և ամեն հինգշաբթի ցերեկը իր սենյակը կմնար, անշուշտ զանոնք լրտեսելու համար… այդ երիտասարդը ինծի քիչ մը կասկածելի կերևա։
− Ինծի ալ այնպես,− պատասխանեց Պողոս էֆ․։
− Բայց դուք ի՞նչպես իմացաք ձեր կնոջ այս տան մեջ գտնվիլը։
− Անստորագիր նամակե մը…