− Անպատճառ մյուսյո։ Աբգարը գրած ըլլալու է։
− Ատանկ կերևա… ասկե զատ ինք ընդունեց զիս սենյակը և ըսավ, թե կինս իր սիրահարին հետ դիմացի սենյակն է։
− Վա՛յ անպիտան… կվայելե՞ աս ըրածը։ Պարապ տեղ ձեր հանգիստը խռովեց այսպես։
− Կփափաքեի անգամ մը այդ երիտասարդին հետ տեսնվիլ։
− Չեմ կարծեր, որ կես-գիշերեն առաջ վերադառնա։
− Իսկ առտուները մինչև քանի՞ այստեղ է։
− Առտուները շատ կանուխ կմեկնի։ Եթե կուզեք, ձեր հասցեն ձգեցեք հոս, թող ինք գա ձեզ տեսնա։
Այս առաջարկը շատ լավ թվեցավ Պողոս էֆենտիին, որ թուղթի մը վրա իր հասցեն գրեց և հույն կնոջ հանձնեց։
Թաղական Խորհրդի ատենապետը այլևս գործ մը չուներ այս տան մեջ, ուստի մնաս բարով ըսելով մեկնեցավ և ուղղակի գնաց իր գրասենյակը։ Քանի մը ժամե ի վեր իր կրած հուզումները այնքան վրդոված էին զինքը, որ կարողություն չուներ գործերով զբաղելու։ Շազիկի արարքը միշտ կցցվեր իր երևակայության առջև՝ բոլոր անախորժ հետևանքներովը։
− Եթե գործը իմացվի՝ պատիվս փարայի մը պիտի ըլլա,– կմտածեր,− թաղին մեջ չպիտի կրնամ մնալ…
Այս պատահականությունն էր, որ ամենեն ավելի կխռովեր զինքը։
Եթե վստահ ըլլար, որ գործը բացարձակապես գաղտնի պիտի մնար՝ շատ հոգ չպիտի ըներ իր գլխուն եկած փորձանքին համար։
Պողոս էֆենտի, շատերու պես, անանկ համոզված էր, թե մարդուս պատիվը անարատ կմնա այնքան ատեն, որ հանրային կարծիքը առիթ չունենար զայն քննադատելու։
Ժամերով, գրասենյակին մեջ խորհեցավ գործը գաղտնի պահելու միջոցներուն վրա։
Շատ վախ չուներ հույն կնոջմե, որ իբրև օտարական անշուշտ չէր կրնար հետաքրքրվիլ իրմով և կամ պատմությունը տարածել հոս ու հոն։ Խնդիրը Աբգարն ու Տիրանը լռեցնելուն վրա էր։ Առաջինը թերևս կարենար դրամի ուժով իր կողմը շահիլ, իսկ Տիրա՞նը…
Ահավասիկ խնդիրը, իրավ է, որ Շազիկ հավատացած է, որ իր սիրահարը լուռ պիտի մնար, բայց այս հավաստումը կատարելապես չէր վստահեցներ Պողոս էֆ-ի։