Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Կներես, շատ հուզված եմ,− ըսավ Պողոս էֆենտի,− անոր համար թերևս էվել պակաս խոսքեր ըսեմ, ուստի կխնդրեմ, որ իբրև մտերիմ և ճշմարիտ բարեկամ մեր փոխանակած խոսքերը բոլորովին ծածուկ մնան։

− Այդ մասին կատարելապես վստահ կրնաս ըլլալ իմ մասին։

− Այս միջոցիս քեզ իբրև եղբայր նկատելով է, որ կխոսիմ։

− Շնորհակալ եմ ձեր ցույց տված վստահութենեն։

− Հիմա ինծի մտիկ ըրե,− ըսավ Պողոս էֆենտի դողահար ձայնով մը,− քիչ մը առաջ ինչ որ պատմեցիր, ամենքն ալ կետ առ կետ ճիշտ են…

− Ի՜նչ կըսեք, Պողոս էֆենտի,− գոչեց Մկրտիչ աղա այս հայտնութենեն այլայլած։

− Այո՛, բարեկամ, ճիշտ են… ի՞նչ հարկ կա ուրանալու, քանի որ ամեն բան երևան ելած է արդեն։

− Երբեք չէի կրնար հավատալ, որ տիկինը…

− Ես ալ այնպես, բայց իրողությունը այս է։ Հիմա կմնա դարման մը խորհիլ, գայթակղության առաջքը առնելու համար։ Իբրև անկեղծ բարեկամ ի՞նչ խորհուրդ կուտաս ինծի։

Մկրտիչ աղա անմիջապես չպատասխանեց, պահ մը խորհեցավ, հետո ըսավ.

− Խնդիրը այնքան ծանրակշիռ է, որ կարելի չէ թեթևորեն վճիռ մը տալ։

− Ես ալ նույն բանը կխորհիմ, բայց վերջապես այս վիճակին դարման մը պետք է գտնել։

− Դուք հարկավ դարման մը խորհեցաք… նախ ի՞նչ կարգադրություն պիտի ընեք ձեր կնոջ մասին։

− Մինչև հիմա այդ մասին բան մը չեմ որոշած,− պատասխանեց Պողոս էֆենտի միամտորեն։

− Արդարև դժվար կացություն,− ըսավ Մկրտիչ աղա, որ ինքն ալ կարող չէր ոևէ միջոց մը գտնել իր բարեկամը փրկելու համար այս փորձանքեն։

− Ես կուզեի խնդիրը ծածկել, բայց հիմա կտեսնամ, որ կարելի չէ այդ բանը… հազիվ քանի ժամ անցած արդեն ամեն բան իմացվեր է թաղին մեջ։

− Այո, և ասոր համար կարծեմ առաջուց կարգադրություն եղած է… ինձի անանկ կուգա, որ Աբգարը և Մարգար էֆենտին միասին պատրաստած են այս ամենը։