«Մեր թեկնածուները կներկայացնեն ժողովրդական-ազատական տարրը, որուն շնորհիվ միայն մեր թաղը պիտի կրնա վերածնվիլ և հառաջադիմել։
«Ընտրողնե՛ր, փութացեք սեղմ շարքերով, քվետուփին քով։
Ակումբին անդամները քանի մը տասնյակ այս կոչերեն առնելով՝ գացին թաղին մեջ բաժնելու զանոնք։
Քվեահավաքությունը պիտի սկսեր ժամը 1-ին, եկեղեցիին մեջ, բայց արդեն կեսօրին եկեղեցիին բակը լեցված էր երկու ընդդիմադիր կուսակցություններու ներկայացուցիչներով։ Չեզոքներու փոքրաթիվ խումբ մըն ալ թեև գոյություն ուներ, բայց անոնց կարևորություն տվող չկար, որովհետև հաջողության ոևէ հույս չէին ներկայացներ։
«Շանթ Ակոլմբ»-ին կոչը բավական հուզում հառաջ բերած էր հակառակ կուսակցության մեջ։
− Չե՞ք ամչնար, ասանկ բաներ կգրեք,− պոռաց ընկեր Կայծունի պարոն Թորգոմին, որ իր մոտեն կանցներ։
− Ի՞նչ կա, ի՞նչ գրեր ենք։
− Այս խմորատիպ հայտարարությունը…
− Ձերինին պատասխանն է։
− Բայց մերինը իրականություն է, մինչդեռ ասիկա բացարձակ ստություն է։
− Ստախոսները դո՛ւք եք… Ի՞նչ իրավունք ունիք մարդուն ներքին կյանքին ակնարկություն ընելու։
− Սխա՞լ է ըսածներս․․․
− Իրավունք չունիք անձնական պատվին դիպչելու…
− Թող թաղականության քանտիտատ չըլլա։ Թաղական ըսածդ մաքուր անցյալ ունենալու է։
− Ձեր Մարգար էֆ-ն մաքո՞ւր է։
− Հրամմեր ես… քիչ մը ետքը պիտի տեսնես, երբ որ քվեարկության արդյունքը իմացվի։
− Ջախջախիչ մեծամասնություն ունինք։
− Վրաս գրե՛… թե հարյուր քվե հավաքեք, պեխերս կածիլեմ։
−Եթե դուք շահիք, եկեղեցիին դուռը, շաբաթ մը ավանակի պես կզռամ…
− Խայտառա՛կ, դուն ալ։