Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճառելու, և ասկե ետքն ալ միտքս դրած եմ այնպես ընել…

Այս ըսելով երիտասարդը ոտքի ելավ, քաղաքավարիորեն բարևեց Պողոս էֆենտիին ու Տիրանին և հեռացավ գրասենյակեն:

Գարեգինի այս ընթացքը այնքան մեծ անակնկալ մը երևցավ Պողոս էֆենտիի համար, որ շվարած մնաց պահ մը՝ առանց կարենալ բառ մը արտասանելու։

Քանի մը րոպե անցնելեն ետքը միայն ըսավ ինքնիրեն խոսելու պես։

− Աս տղան խե՞նթ է, ի՞նչ է։

− Պարոն Գարեգին շատ պարկեշտ ու կարող երիտասարդ մըն է, բայց բնավորությունը քիչ մը տարօրինակ է,− պատասխանեց Տիրան:

− Աղբա՛ր, սա ըրածը վայելե՞ց… իրեն շենք շնորհք գործ մը կառաջարկենք կոր ու ոչինչ խնդիրի մը համար կմերժե կոր…

− Վնաս չունի Պողոս էֆենտի, ուրիշ մեկը կգտնես հարկավ:

− Խնդիրը ատոր վրա չէ, միայն թե խենթությանը վրա կզարմանամ:

Վաճառականը զարմանալե ավելի կցավեր այս եղածին վրա։ Գարեգինի մերժումով ջուր կիյնար ամբողջ հատակագիծ մը, որ խնամքով պատրաստած էր։ Պողոս էֆ. կհուսար երիտասարդը իր վաճառատան մեջ առնելով նախ փորձառու, պարկեշտ ու կարող պաշտոնյա մը ունենալ իր ձեռքին տակ և հետո Գարեգինի միջոցավ «թշնամիին բերդը ներսեն առնել», ինչպես ինքը կխորհեր:

Մարգար էֆ-ի թաղականությունը, անոր հաջող սկզբնավորությունը, հակառակորդ կուսակցության միացումը, վերջապես Ք. թաղին մեջ անցած բոլոր իրողությունները, որոնց մոտեն հետևած էր Պողոս էֆենտի ծածկաբար, զինքը չափազանց գրգռած էին: Մյուս կողմե, իր հակառակորդին ընտանեկան կյանքին նկատմամբ կատարած հետազոտությունները ոևէ դրական արդյունքի մը չէին հանգած։ Սպասուհի Սուրբիկը չէր կրցած գտնել այն խոհարարին հետքը, որմե լրացուցիչ տեղեկություններ կհուսար քաղել:

Այս անհաջողությունները նոր գժտություն մը հառաջ բերած էին Պողոս էֆ.-ի և Շազիկի արդեն իսկ ձգտյալ հարաբերության միջև։

Վաճառականը, Գարեգինին մեկնելեն ետքը բոլոր այս իրողությունները