աչքի առաջ բերավ ու վերլուծեց կացությունը, ջանալով ուղղության նոր շավիղ մը գծել իրեն։ Այս մտային աշխատության մեջ էր, երբ Սափորյան էֆ. ներս մտավ և ողջունեց զինքը:
Տիրան փաստաբանին գալեն անմիջապես ետքը մեկնեցավ, խոստանալով քիչ ետքը վերադառնալ։
− Սափորյան էֆենտի, սա ի՞նչ հով փչեց,– գոչեց Պողոս էֆենտի։
− Հոսկե կանցնեի կոր, սանկ մեյ մը հանդիպիմ՝ ըսի։
− Շատ աղեկ ըրիք, սուրճ մը կառնեք հարկավ։
− Շնորհակալությամբ։ Ի՞նչ կա չկա տեսնենք, գործերը ի՞նչ վիճակի մեջ են… հրապարակը կարծեմ այս միջոցին քիչ մը կայուն է…
Այսպես մեկ քանի պայմանադրական խոսքեր ընելե ետքը, Սափորյան ըսավ.
− Վերջապես Մարգար էֆենտին ալ մուրատին հասավ։
− Ի՞նչ կերպով,− հարցուց Պողոս էֆենտի կեղծ անգիտությամբ։
− Թաղ. Խորհուրդի ատենապետ եղավ… ձեզ տապալեց և ձեր տեղը անցավ… խեղճ մարդը ատոր համար շատ աշխատեցավ շիտակը։
− Զիս տապալե՞ց մի,− գոչեց Պողոս էֆ.,− ատ ուրկե՞ հանեցիր…
− Այսինքն ձեզ ստիպեց հրաժարելու:
− Բնավ երբեք, ես իմ հոժար կամքովս հրաժարեցա, որովհետև գեղին օդը չէր իգար կոր մեզի և բժշկին խորհուրդովը ստիպված էինք հեռանալ անկե։
− Ինչ որ է նե, խնդիրը այն է, որ այսօր Մարգար էֆենտին բազմած է Թաղական Խորհուրդի ատենապետի աթոռին վրա։
− Ձեր շնորհիվ,− դիտել տվավ վաճառականը։
− Վարչությունը մանրակրկիտ քննութենե մը ետքը իր որոշումը տվավ. հետևաբար իրավունք չունիք մեզ դատապարտելու,− պատասխանեց վարչության անդամը։
− Շիտակը աղվոր որոշում… ճիշտ այն մարդը, որ թաղը իրար անցնելու պատճառ եղավ, բռնեցիք թաղական ըրիք:
− Բայց, Պողո՛ս էֆենտի, թաղեցիները շատ գոհ են մեր կարգադրութենե և այսօր թաղը բոլորովին հանդարտած է, նույնիսկ