Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեկվան հակառակորդները Մարգար էֆ.-ի շուրջը բոլորած են։ Ան մորուքով տաքգլուխ մարդ մը կա նե՝ կուսակցական է, ի՞նչ է, որ հակառակ էր Մարգար էֆենտիին…

− Սուսերյա՞նցը…

− Հա՛, աղեկ ըսիր, Սուսերյանցը, այսօր Մարգար էֆ.-ին ջերմ պաշտպանը դարձած է։

− Սկզբունք չունեցող խայտառակին մեկն է,− գոչեց Պողոս էֆ. բարկությամբ։

− Կրնա ըլլալ, բայց խնդիրը ասոր վրա չէ, խնդիրը այն է, որ այսօր Սուսերյանց Մարգար էֆ.-ի հարած է… և ո՛չ թե միայն ինք, այլ նաև իր ամբողջ խումբը։

− Է՜յ, հիմա այդ խոսքերեն ի՛նչ պիտի հետևցնես,− հարցուց վաճառականը անհամբերությամբ։

− Ի՞նչ կուզես, որ հետևցնեմ, խոսք է կընենք կոր… միայն թե Պողոս էֆենտի, ես շիտակը շատ կզարմանամ քու բռնած ընթացքիդ վրա:

− Ի՞նչ ընթացք:

− Իրավցնե փիլիսոփա ես եղեր, բայց այս աստիճան փիլիսոփայությունն ալ աղեկ չէ։

− Չեմ հասկնար, թե ի՞նչ ըսել կուզես:

− Ասոր ես փիլիսոփայություն չեմ ըսեր, անզգայություն կըսեմ՝ ավելի ծանր բառ մը չըսելու համար:

− Հավատա, որ դեռ բան մը չհասկցա այդ ամբողջ խոսքերեդ։

− Ճանըմ, ինտոր կըլլա, որ այս եղածները կկլլես, ձայնդ կքաշես, կնստիս:

− Ո՞ր եղածները,– հարցուց վաճառականը՝ քիչ մը հասկնալով փաստաբանին ակնարկություններուն իմաստը։

− Սա Թաղական Խորհուրդի խնդիրը, եղբայր, մի՞թե կարելի բան էր սա եղածներուն հանդուրժել… մարդս վերջապես արժանապատվության համար կապրի։

− Ի՞նչ նշանակություն ունի Ք. թաղին Թաղ. Խորհուրդը, ոչինչ, տղայական բաներ են ատոնք… Մարգար էֆենտիին ապուշներն են, որ կարևորության կուտան ատանկ գործերու։

− Չէ՛, Պողոս էֆ., այդպես մի ըսեր,− գոչեց Սափորյան լուրջ դեմք մը առնելով,− խնդիրը պաշտոնի կամ գործին կարևորության վրա չէ, խնդիրը պատվի, արժանապատվության վրա է: