Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափազանցեց, վերջապես ամեն միջոց գործածեց… քեզի ավելի զարմանալին պատմեմ… ալ միամտաբար ընդունեցի, բնական է, որ իր մեկ քանի դատերը ինծի հանձնեց, ես փաստաբան եմ, երբոր գործ մը հանձնեն, չեմ կրնար մերժել։ Ազգային պաշտոնս տարբեր, անհատական գործս տարբեր, մեկը մյուսին չեմ կրնար զոհել։ Այսպես ուրեմն, մեկ կողմե Թաղ. Խորհուրդի խնդրին մեջ Մարգար էֆենտիի դատավորը եղա, մյուս կողմե իր անձնական գործերուն համար իր փաստաբանը… կացությունս քիչ մը փափուկ էր։

− Բնականաբար։

− Բայց ես նորեն ուղղամտությամբ շարժեցա։

− Ատոր ո՞վ կտարակուսի,– ըսավ Պողոս էֆ. հեգնական ծիծաղով մը, զոր փաստաբանը չնշմարել ձևացուց։

− Ես իմ տեղեկագիրս պատրաստեցի խղճի ձայնիս անսալով, առանց ուրիշի ոևէ նեղության։

− Այո՛,− ըսավ վաճառականը չոր ձայնով մը։

− Բայց ինք նույն ուղղությունը ցույց չտվավ ինծի հանդեպ։

− Ինչպե՞ս, ի՞նչ եղավ որ…

− Ի՜նչ պիտի ըլլա, թաղական ըլլալուն պես ինծի գործերը առավ և ուրիշ փաստաբանի հանձնեց, իր հին փաստաբանին։

Վա՜յ, սարսափելի՜,– գոչեց Պողոս էֆ․ այս պատմութենեն հաճույք զգալով։

− Այնպես որ,– շարունակեց փասաաբանը,– հիմա հայտնի եղավ, թե գործերը ինծի հանձնելը կարողությանս համար չէր, այլ պարզապես զիս կաշառելու փորձ մը։

− Ատոր բնավ տարակույս չկա։

− Ասանկ խաղքություն կըլլա՞

− Պատվով մարդ մը ատանկ բան չըներ։

− Իմ տեղս եթե դուք ըլլաք, ի՞նչ ընթացք կբռնեք հիմա։

− Իրավ որ չեմ գիտեր՝ բայց կենթադրեմ, որ սարսափելի կերպով կբարկանամ եղածին համար։ Ի՞նչ զարմանալի մարդ է եղեր այս Մարգար էֆենտին… թող գնե քիչ մը սպասեր երևույթները փրկելու համար։

− Ինծի պես փաստաբան մը աս ասանկ խաղի գա, ատանկ վաճառականե մը… չլսված բան…

− Արդարև մեծ պզտիկություն է ձեզի համար։