− Ան ըսավ, դուն ալ հաստատեցիր… անոր մասնագիտությունը պոշպողազությունն է։
− Ասկե զատ պետք չէ որ վարժարանը կուսակցականի մը հանձնվեր։
− Ալ օն փարալըք տա բունտան…
− Շատ իրավունք ունի յա, մեր տղաքն անկրո՞ն ընենք։
− Պարապ խոսք, էֆենտիմ, կուսակցականը անպատճառ անկրոնություն չքարոզեր։
− Ինչ որ ալ ըլլա՝ պարոն Թորգոմը ճամփելու չէին։
− Պարզապես խեղճը Մարգար էֆ․-ին զոհվեցավ։
− Անձնական հակառակություն կվայելե՞։
− Թաղ․ Խորհուրդը մեծամասնությամբ որոշում տված է։
− Թաղ. Խորհուրդը վարժարանին ի՞նչ կխառնվի… ատիկա հոգաբարձության գործն է։
− Հոգաբարձություն չունինք։
− Թող հոգաբարձություն մը ընտրեն, էֆենտիմ։
− Մարգար էֆենտիին գործին չգար, ինքնիշխան կառավարել կուզե ամեն բան։
− Ոչխարի պես թաղեցիները գտեր են, ուզած խաղերնին կխաղան կոր։
− Ի՞նչ նստեր ես, գնա՛, բողոքե՛, դուն ալ թաղեցի չե՞ս։
− Իմ ինչո՞ւս պետք։
− Ուրեմն մեծ-մեծ մի՛ ջարդեր այստեղ։
− Դիտողություն ընելու իրավունք չունի՞մ… զարմանալու բան։
Այսպես խոսակցություն տեղի կունենար Ք. թաղի սրճարաններեն մեկուն մեջ երկուշաբթի իրիկուն մը։
Արդարև նախորդ օր Թաղական Խորհուրդը ճամփու դրած էր պարոն Թորգոմը և անոր տեղ վարժարանին տեսուչ կարգած էր ընկեր Սորսերյանց։
Նախկին ուսուցիչը հակառակ իր թափած ջանքերուն, չէր կարողացած սպառնացող վտանգին առաջքը առնել։ Տիկին Սաթեն պահանջած էր Թորգոմը անպատճառ հեռացնել և վաճառականը չէր կրցած իր կնոջ պահանջումին գոհացում չտալ, մանավանդ որ ինքն ալ կուզեր կերպով մը վարձատրել «Շանթ Ակումբ»-ի վարիչ Սուսերյանցը, որ իր կողմ անցած էր իր ամբողջ խումբով։
Պարոն Թորգոմի համար մահացու հարված մը եղած էր, երբ