էր իր հանրագրության ներքև ստորագրություն մը դնել տալ։ Ձկնավաճաո Հաճի Համբիկի ստորագրությունն էր այդ։
− Պունուն ալթընտա տա իմզամ պուլունսուն,− ըսած էր ձկնավաճառը։
Ասիկա մեծ հաղթանակ մը և մխիթարանք մը եղավ ուսուցչին համար։
− Վերջապես,− գոչեց,− բախտը ժպտիլ սկսավ։
Նույն իրիկունն իսկ, երբ ուսուցիչը տունը կգտնվեր՝ հյուր մը ընդունեց։ Թաղեցի մըն էր, որ ամենուն ծանոթ էր Մեռոնսըզ Ճանիկ անունով։ 40-45 տարեկան մարդ մըն էր, առանց որոշ զբաղումի մը, ճարպիկ ու խելացի մարդ մը, որ իր խելքն ու ճարպիկությունը կգործածեր շիլ ու աղտոտ գործերու մեջ և ընդհանրապես խաղամոլությամբ կանցներ ժամանակը։ Իր մասնագիտությունն էր պարապ քսակով միամիտներ գտնել և բախտախաղի մեջ զանոնք սոթտել։ Թաղային գործերու ալ կմիջամտեր, երբ հոտ առներ թե նյութական շահ մը պիտի ելլեր իրեն։ Փորձառությամբ բավական օրինական ծանոթություններ ամբարած էր և իհարկին կրնար ոստիկանության և դատարանի ճիրաններեն իր օձիքը ազատել։ Թաղին մեջ ամենուն հետ բարեկամ էր և հաճախ պատվավոր անձեր՝ սրճարաններու մեջ զինքը սեղանակից կընեին իրենց, օղի հրամցնելով։ Այսպես ուրեմն Մեռոնսըզ Ճանիկ շատ ժողովրդական տիպար մըն էր, թեև ոչ հանձնարարելի։
Ուսուցիչը առաջին անգամ զայն իր տան մեջը կտեսներ և այս անակնկալ այցելությունը քիչ մը զարմացուց զինքը։
− Բարի եկաք, Ճանիկ աղա,− ըսավ սիկարեթ մը հրամցնելով։
− Բարի տեսանք, ի՞նչ ջուրի մեջ ես, վարժապետ։
− Փառք աստծո, ողջ առողջ եմ։
− Գիտե՞ս այս իրիկուն ինչու քեզի եկա։
− Շիտակը չեմ կրնար կոր գուշակել,− պատասխանեց պր. Թորգոմ վարանումով մը։
− Քու օգուտիդ համար եկա։
− Շնորհակալ եմ։
− Ես քեզի կսիրեմ,− ըսավ Մեռոնսըզ Ճանիկ։
− Գիտեմ, որ այնպես է,– պատասխանեց ուսուցիչը, այս համակրական հայտարարութենեն թեթև հաճույք մը զգալով։