Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


20-30 ստորագրություն հավաքել։ Եթե չես ուզեր հավատալ հիմա միասին եկուր…

− Կհավատամ,− կրկնեց Թորգոմ։

− Մեղք, որ մինչև հիմա ինձ չես ճանչցեր,− ըսավ Ճանիկ հանդիմանական շեշտով մը։

− Կկրկնեմ, որ խնդրին մեջ թյուրիմացություն կա, ես երբեք քու ուղղամտությանդ մասին կասկած հայտնել չուզեցի… միայն թե դուն մեկեն ի մեկ բռնկեցար։

− Բնականաբար կբռնկիմ, մյուսյու Թորգոմ, հեր քուշուն էթի ենմեզ, կըսեն, ես իմ պատիվս միշտ բարձր կբռնեմ…

− Շատ իրավունք ունիս այդպես ընելու, պատիվը ամեն բան է մարդուս համար։

Այս ձևով խոսակցությունը քանի մը վայրկյան ևս շարունակվեցավ, որմե ետքը Ճանիկ մեկնեցավ Թորգոմի տանեն, կատարելապես հաշտված անոր հետ և շատ ուրախ տրամադրության ներքև։

− Մեծ փորձանք մը անցուցինք,− խորհեցավ ուսուցիչը, երբ առանձին մնաց։− Մազ մնաց, որ Ճանիկը պիտի վշտացնեի և ամբողջ գործը խանգարեի… ճշմարիտը հանցավոր եմ այսպես վարվելուս համար, հայտնի է, որ մարդը մեծ անձնվիրություն ցույց կուտա կոր, դյուրին բան չէ այսքան կարճ ժամանակի մեջ 60 ստորագրություն հավաքել։ Այս հաջողությամբ եթե շարունակե, կարծեմ 300 ստորագրություն պիտի կրնանք ժողվել և այն ատեն տեսնենք ինչ պիտի ըլլա մեր Մարգար էֆ-ն։

Ուսուցիչը վերստին սրտապնդված էր և վստահությամբ կդիտեր ապագան։

Հետևյալ օրը գնաց Պողոս էֆ-ին գտավ և անոր պատմեց գործին հաջող վիճակը։

Վաճառականը իր գոհունակությունը հայտնեց և ավելցուց․

− Քու մարդուդ ըսե, որ եթե ստորագրությունները հարյուր հիսունի հասնին՝ ալ թող ետևեն չիյնա ու հանրագրությունը քեզի բերե։

− Թերևս մինչև հիմա 150-ի հասած է,− դիտել տվավ Թորգոմ։

− Այն ատեն վաղը հանրագրությունը ա՛ռ և ինծի բե՛ր, որովհետև կորսնցնելու ժամանակ չունինք։

− Այս իրիկուն կջանամ զինքը տեսնելու։