Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Եվ անմիջապես պետք է որ լուսաբանվի, որովհետև գործին մեջ զեղծարարություն կա,− գոչեց Միհրանիկ էֆ,− վկայականին ներքև իմ ստորագրությունս դրեր են, մինչ ես ատանկ թուղթ չեմ ստորագրած, ասանկ խաղքություն կըլլա՞…

− Հիմա ամեն բան կհասկնանք,− ըսավ Մարգար էֆ,− ես թեև կուզեի առանձին կերպով այս խնդիրը դնել, բայց վնաս չունի, դուք ալ դուրսեն մարդիկ չեք, մեր մտերիմ բարեկամներն եք, ձենե ծածկելու բան մը չունիմ…

Վաճառականին այս խոսքերը մեծ զարմացում պատճառեցին Միհրանիկ էֆ-ին, որ անոնց իմաստը չկրցավ անմիջապես ըմբռնել և հարցուց.

− Ի՞նչ ըսեք կուզես, Մարգար էֆ։

− Ըսել կուզեմ, որ այս գործին մեջ անշուշտ խաբեբայություն մը կա, որուն զոհ գացած եմ ես և ինե առաջ կինս։

− Տիկին Սաթե՞նը,− գոչեց Միհրանիկ զարմացած։

− Այո՛, անիկա ստիպեց զիս, որ վկայականը գրեմ․․․ միայն թե վկայականին տակ միայն ես ստորագրեցի, մինչդեռ այսօր, Օհան էֆ-ին ցույց տված վկայականին ներքև քու ալ անունդ կա։

− Բայց կեղծ գրով,− շեշտեց Միհրանիկ։

− Ճի՛շտ է, հակառակը չեմ պնդեր․ հիմա հասկնանք, թե այդ խաբեբայությունը ո՞վ ըրած է։

− Ի՞նչպես պիտի կրնաս հասկնալ…

Բոլոր այս խոսակցության միջոցին երկու կիները բացարձակ լռություն կպահեին և այս լռությունը, մանավանդ իր կնոջ լռությունը, զարմանք կպատճառեր Մարգար էֆենտիին։

− Դուն ի՞նչ կըսես այս եղածին,− հարցուց վերջապես վաճառականը, խոսքը իր կնոջ ուղղելով։

Էո՜ֆ աման,− գոչեց տիկին Սաթեն,− պարապ բաներ խնդիր կընեք, ժամերով վրան կխոսիք, բան մըն է եղեր լմնցեր է, ալ ի՞նչ պետք կա երկար վրան խոսելու․․․

Ճանըմ, ի՞նչ ըսել է, ասիկա պզտիկ խնդիր չէ…

− Հապա շատ մեծ խնդիր է,− պատասխանեց Սաթեն հեգնաբար։

− Հարկա՛վ, արժանապատվության խնդիր է… վաղը զեղծարարությունը իմացվի նե՝ ամեն մարդ մեզի պիտի դատապարտե։