Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ո՞վ պիտի իմանա… դուք եք, որ գործը կմեծցնեք կոր, որո՞ւն հոգն է, որ այդ խնդրով պիտի զբաղի…

− Այսօր գրասենյակ ըլլայիր տե՝ Օհան էֆ-ին իրարանցումը տեսնեիր․․․

− Ճանըմ, այդ Օհան էֆենտին ալ թող քիթը ամեն բանի մեջ չխոթե,− գոչեց տիկին Սաթեն բարկությամբ։

− Խնդիրը այդ չէ,− պատասխանեց Մարգար էֆ. չոր կերպով, այլ այն է, որ երբ վկայականը քեզի հանձնեցի միայն իմ ստորագրությունս կար, ետքը ո՞վ Միհրան էֆենտիին ստորագրությունը ավելցուցեր է հոն…

− Ես ի՞նչ գիտնամ,− պատասխանեց տիկին Սաթեն, առերևույթ անտարբեր ձևով մը։

− Բայց թուղթը քեզի հանձնեցի։

− Ես ալ եղածին պես իր տեղը տվի։

− Այսինքն սպասուհիի՞ն…

− Այո՛,− պատասխանեց տիկին Սաթեն, հուզումեն դողահար ձայնով մը։

− Ի՞նչ էր այդ գետինն անցնելիք կնկան անունը, Մարթա՞ ըսիր, ի՞նչ ըսիր…

− Այո՛,− պատասխանեց տիկին Սաթեն, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Անանկ է նե, այդ կնիկը վկայականին տակ Միհրան էֆ-ին անունը ավելցուցած ըլլալու է։

Էո՜ֆ, մերաքս հանեցիր, սա խոսքը մեջտեղեն վերցուր,− գոչեց տիկին Սաթեն,− սինիրներս ոտքի ելան, եղած լմնցած բանին վրա ալ այսչափ չեն խոսիր․․․

− Հիմա մեկը ղրկե, ատ Մարթա օլաճախը հոս կանչել տուր։

− Ատանկ բան չըլլար,− ըսավ Սաթեն։

− Ինչո՞ւ համար։

− Ես այդ կինը չեմ կրնար գտնել հիմա․․․

− Այդ ի՞նչ խոսք է, հասցեն չե՞ս գիտեր…

− Չեմ գիտեր․․․

− Այս գործին իմ խելքս չի հասնիր կոր,− գոչեց վաճառականը զայրացած,− ասոր տակը ինչ կա նե, ըսեք հասկնանք․․․ սա ինչ խորհրդավոր բաներ են․․․